«Ասեմ՝ չզարմանաք, ես ծնվել-մեծացել եմ Ստամբուլում, բայց մեր տուն թուրք ոտք չի դրել»․ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի կյանքի պատմությունը

Դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի հուշերում վառ են մնացել իր ծննդավայր Ստամբուլում մանկության տարիներին կիրառվող արգելքները։ 93-ամյա մաեստրոն պատմում է, որ հայրը շատ խիստ ու հայրենասեր մարդ էր,  այդ պատճառով էլ` ինքը տանը բանտարկված էր մնում՝ իրավունք չունենալով խաղալ թուրք հասակակիցների հետ։

«Ասեմ՝ չզարմանաք, մեր տուն թուրք ոտք չի դրել, միայն ամիսը մեկ անգամ հաշվիչի ցուցմունքը գրելու համար, թեև իշխանությունը նրանցն էր», — պատմում է նա։

«Չեմ կարող ընկերություն անել նրանց հետ, ովքեր փոքր հասակից համոզված են, որ եթե հայ սպանեն՝ դրախտ կգնան, ես այդ մարդու հետ ո՞նց ընկերություն անեմ։ Չեմ ասում մեկուսացված ապրել, բայց այն մարդու հետ, որ պետք է առիթ փնտրի, որ ինձ սպանի, դրա հետ ո՞նց ընկերություն անեմ», — ասում է մաեստրոն։

Մաեստրոն խոստովանում է, որ բնավորությամբ բեմում իշխող է, կյանքում` ավելի շատ հնազանդվող։ Ձգտել է, որ իրեն հարգեն նախ` որպես մարդ, հետո՝ որպես երաժիշտ։

Բազմաթիվ ձեռքբերումներից նշում է 5 տարի շարունակ Մոսկվայում Գերագույն Խորհրդի պատգամավոր լինելու փաստը․ «Բրեժնևը՝ դիմացս, Դեմիրճյանը՝ կողքս։ Քչերն են նման վստահության արժանացել, կարծում եմ` որպես մարդ ինձ գնահատել են, և դա կյանքի մեծ ձեռքբերում է։ Բախտի բան է»,–պատմում է նա։

«Մարդիկ բեմից ընկել են ուժեղ լուսավորության պատճառով, ընկել են սովածությունից, բացօթյա համերգի ընթացքում չղջիկը մտել է երգչի մազերի մեջ, բեմում կատուն վազել է մկան հետևից, բայց ես երբեք չեմ դադարեցրել ընթացքը», — կատակում է մաեստրոն։