Համո Սահյանն այս պատմությունը պատմելիս միշտ լաց էր լինում. ի՞նչ պատմության մասին է խոսքը և ի՞նչն էր պատճառը

Ինչպես ասում էր Համո Սահյանի քույրը՝ Հասմիկը, Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում:

Ձեզ ենք ներկայացնում այդ պատմությունը:

         1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել:Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:
Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ:
Մայրս ու հայրս լաց եղան:
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…
Եղբայրս շատ էր սիրում պապիս, տատիս: Մեր գերդաստանում ընդունված էր ավագությունը: Տան գլխավորին բոլորս էինք սիրում ու ենթարկվում: Մեր տանը հայրս՝ պապիցս հետո, Աստված էր, նրա ամեն մի խոսքը՝ ճշմարտություն և սրբություն: