Վիլյամ Սարոյանի այս լուսանկարի հեղինակը Արա Գյուլերն է. ինչպե՞ս են նրանք ծանոթացել և ի՞նչ էր ասել Սարոյանը Գյուլերին

Արա Գյուլերը աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է, ով ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում։

Դիմանկար

Գյուլերը Նյու Յորքում երկար ժամանակ փնտրել է Վիլյամ Սարոյանին՝ ցանկանալով լուսանկարել նրան: Այդ նպատակով նա բազմաթիվ նամակներ էր ուղարկել բոլոր հնարավոր հասցեներով, որտեղ կարող էր լինել Սարոյանը,  բայց պատասխան չէր ստացել և հեռացել էր Նյու Յորքից։ Գյուլերը Փարիզում նկարահանումների ժամանակ նույնիսկ փորձել է զանգահարել Սարոյանին, սակայն նա կրկին խոսափողը չի վերցրել: Սակայն նա չի հուսալքվել և անվերջ զանգել է: Սարոյանն ի վերջո մի օր պատասխանում է զանգին։

Արա Գյուլերը ներկայանում է, Վիլյամ Սարոյանը նրան հրավիրում է իր մոտ, և նրանք հանդիպում են շենքի վերցերորդ հարկում՝ չկահավորված մի բնակարանում։ Առաջին անգամ էին հանդիպում, բայց այնքան ջերմ են շփվում, կարծես հազար տարվա ծանոթներ լինեին։ Պարզվում է, որ Սարոյանն էլ, երբ Թուրքիայում էր եղել, զանգահարել էր Գյուլերին, սակայն չէր կարողացել կապ հասատել նրա հետ։ 

«Ես Թուրքիայում էի, դու չկայիր, - սկսում է Սարոյանը խոսակցությունը,- բոլոր նամակները ստացել եմ։ Չեմ պատասխանել, քանի որ գիտեի, որ ինձ գտնելու ես»։

 Զրույցը երկարում է, Գյուլերը շատ լուսանկարներ անում։ Հետագա օրերին էլի են հանդիպում:

Արա Գյուլերը տարիներ անց նրա մասին գրում է․ «Վերջիվերջո այն եզրակացությանը հանգեցի, որ Սարոյանին հետաքրքիր էին ոչ թե իրադարձությունները, այլ՝ մարդիկ»։

Մի օր սրճարաններից մեկում սրճելու ժամանակ Վիլյամ Սարոյանը խնդրում է Գյուլերին, որ պատմի իր ընտանիքի, իրենց հետ տեղի ունեցածների մասին։ Արա Գյուլերը պատմում է հոր՝ Տաճատ Գյուլերի մասին։ Նա պատմում է մահվանից կարճ ժամանակ առաջ իրենց ծննդավայր Շապին-Գարահիսարի Յայջը գյուղ գնալ ցանկացած հոր, միասին սկսած ճանապարհորդության, այնտեղ տեսածների, վերադառնալուց հետո տեղի ունեցածների, հոր թաղումից առաջ կատարվածների մասին․․․ Արցունքոտ աչքերով Սարոյանը Գյուլերին ասում է․

«Քո հայրիկի պատմությունը շատ լավ պատմվածք կդառնա։ Գուցե գրեմ»։

Տարիներ անց Արա Գյուլերն ուրախությամբ է պատմում այդ փոքրիկ հանդիպման մասին, որն անմոռանալի հետքեր էր թողել նրա կյանքում։