Այս ՀԱՅԸ Գրիգոր աղայի կերպարի լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. կռահեցիք՝ ում մասին է խոսքը

Խոսքը հայ խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1967), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Գուրգեն Ջանիբեկի Ջանիբեկյանի մասին է՝ ծնված 1897 թվականի մայիսի 6-ին Երևանում:

1917 թվականին ավարտել է Երևանի ուսուցչական ռուսական սեմինարիան։ 20 տարեկանից ելույթներ է ունեցել սիրողական թատերախմբերում, մասնակցել Մկրտիչ և Սյուզան Գարագաշների օպերետին, 1920 թվականին՝ Զարիֆյան-Աբելյան խմբերի ներկայացումներին։


1922 թվականից խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում, Ալեքսանդրապոլի Արմեն Արմենյանի թատերախմբում, Թիֆլիսի Հայ դրամայի թատրոնում։ 1924 թվականից Երևանի առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դերասան էր (1965-1967 թվականներին՝ նաև տնօրեն)։

1940-1949 թթ. եղել է Հայկական թատերական ընկերության առաջին նախագահը։ 1947-1949 թվականներին դասավանդել է Երևանի թատերական ինստիտուտում։

Ջանիբեկյանը Գրիգոր աղայի կերպարի (Վրթանես Փափազյանի «Ժայռ») լավագույն մարմնավորողն էր խորհրդահայ բեմում. այդ դերակատարումն իր կատարելությամբ մտել է հայ թատրոնի պատմության գոհարների շարքը։

Նրա արվեստին բնորոշ էր համառ ու անկոտրում բնավորությամբ կերպարների սոցիալ-կենցաղային ճշգրիտ ու ցայտուն վերարտադրությունը, կատարման հրաշալի տեխնիկան. «հակառակորդ» դերերի լավագույն մեկնաբաններից էր։ Բեմադրել է պիեսներ Սունդուկյանի անվան թատրոնում (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը», «Վարդանանքը»՝ ըստ Դերենիկ Դեմիրճյանի)։ Կատակերգական դերերում Ջանիբեկյանը հակվել է երգիծանքի սուր, հաճախ՝ գրոտեսկային շեշտադրումների:

Նշենք, որ Ջանիբեկյանը ռադիո և հեռուստաբեմադրություններում խաղացել է շուրջ 100 դեր։

Տաղանդավոր հայը մահացել է 81 տարեկան հասակում: