Գիտե՞ք՝ ինչու է Շուշիի ԿԱՆԱՉ վանքը նման անուն ստացել և խորհրդային շրջանում ինչի էր այն վերածվել ադրբեջանցիների կողմից. եկեք պարզենք

Կանաչ Ժամ եկեղեցի կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է 1818 թվականին՝ Ղարաբաղցոց նախկին փայտաշեն եկեղեցու փոխարեն։ Այդ մասին է վկայում շինարարական արձանագրությունը: Բացի այդ պատերի մեջ ագուցված է նաև նախկին եկեղեցու արձանագրությունները:

Եկեղեցին շինված է արևելք-արևմուտք առանցքով, խաչաձև հատակագծով։ Կողային ավանդատները բեմի տակ իջեցնելու հետևանքով, արտաքին՝ արևելյան ճակատապատը կիսակլոր է։ Եկեղեցին, զանգակատունը աչքի են ընկնում ներքին ինքնատիպ հարդարանքով։

Այս հանգամանքը հուշարձանը առանձնացնում է հայ ճարտարապետական համանման կառույցների շարքում։ Եկեղեցուն արևմուտքից կցված է հետագայում կառուցված գմբեթավոր զանգակատունը, որի մուտքի վերնամասում փորագրված է. «Բաբայն Ստեփանէսն Յովհանէն յի հիշատակ հանգուցիալ եղբայր Մկրտիչ 1847 թ.» արձանագրությունը։

Եկեղեցուն տրվել է Կանաչ անվանումը այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի: 2020 թվականին Ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո մասամբ ավերվել է։ Վնասված է գմբերթն ու զանգակատունը:

Խորհրդային շրջանում, Կանաչ ժամը, որի շրջապատում գտնվում էին առողջարաններ, հանգստյան տներ, ադրբեջանցիների կողմից վերածվել էր հանքային ջրերի ըմպելասրահի։

Արդյունքում հուշարձանը խիստ տուժել էր։ Մասնավորապես, բեմի վրա տեղադրված երկաթե մեծ ջրավազանը, լրիվ փակել, դահլիճից կտրել էր բեմը։ Արևմտյան՝ զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել և նրանց փոխարեն նոր՝ հուշարձանին անհամապատասխան աստիճաններ էին կառուցել հյուսիսային ճակատում, որի պատճառով քանդվել էր կենտրոնական լուսամուտի գոգատակի պատը։ Ջրամբարից հաճախ թափվող հանքային ջրերը, ողողում էին խորանները, այնտեղից պատը քայքայելով հոսում դեպի բակը։

Եկեղեցին գործում է 1995 թ.: Վերջին տարիներին վերանորոգվել է։