«Հորն ասել են, որ վիրավորվել է և ուղարկվել ՀՀ, սակայն միայն մեկ ամսից ԴՆԹ-ի արդյունքներով գտնվեց ՀԵՐՈՍԻ մարմինը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Զորիկին

Զորիկ Վախթանգի Շահրամանյանը ծնվել է 2002 թվականի հունիսի 30-ին Ստեփանակերտում։ Սովորել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, այնուհետև Ստեփանակերտի Ֆիզմաթ դպրոցում։ Հաճախել է նաև Ստեփանակերտի «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Ուսումը շարունակել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցում, իսկ 2019-2020թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 127 միջնակարգ դպրոցը։

Դպրոցն ավարտելուց հետո 2020 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է Երևանի Ճարտարապետական համալսարան՝ Ճարտարապետական ֆակուլտետ, սակայն հուլիսի 20-ին զորակոչվել Հայոց բանակ։ Ծառայության է անցել Արա լեռ, սակայն չհասցրեց էլ նորմալ ծառայել: Ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Ակտիվ մարտեր է մղել Ֆիզուլիի շրջանում։

2020թ. հոկտեմբերի 10-ին Ֆիզուլիի շրջանում Ղարղաբազար տեղամասում հակառակորդի կողմից հրետակոծվեց իրենց ստորաբաժանման շարասյունը, որի արդյունքում էլ զոհվեց Զորիկը։

Դեպքի օրը՝ հոկտեմբերի 10-ին Զորիկի հայրը լուրը լսելուն պես գնացել է որդու ետևից։ Սպաները հայտնեցին, որ Զորիկը վիրավորվել է և ուղարկվել է ՀՀ, սակայն միայն մեկ ամսից ԴՆԹ-ի արդյունքներով գտնվեց հերոսի մարմինը:

2020թ. սեպտեմբերի 30-ին մարտական գործողությունների ժամանակ հայրը այցելել էր կրակային դիրք և հանդիպել որդու հետ, որտեղ Զորիկը ասել է. «Պապ ջան, խի՞ ես եկել հասել էստեղ», իսկ հայրը պատասխանել է. «Խի՞, պետք է չգայի»։ Առանձնապես վերջին հանդիպումից Զորիկը շատ էր ոգևորվել…

Իր 18 տարվա ընթացքում հասցրել էր ամեն բան, անգամ, դեռ 16 տարեկան էր, երբ համակարգչով գումար էր աշխատում և դրանով իր ընկերներին հասցրեց պատիվ տալ ինչ-որ սրճարանում։ Իր վաստակած գումարով էլ Ստեփանակերտից եկավ հասավ Երևան մի քանի օրով՝ ընկերների հետ օրերը անցկացնելու։

Զորիկ Շահրամանյանը Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...