Եվս մեկ պատճառ ԳՅՈՒՄՐԻ այցելելու համար. տեսեք, թե ինչ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ են ցուցադրվում Գյումրու թանգարաններում

Գյումրիի թանգարաններում հազարավոր գտածոների, պատմական արժեք ունեցող ցուցանմուշների, գյումրեցու կենցաղն ու զբաղմունքները ներկայացնող միջավայրերից բացի, ցուցադրության են հանվել ալեքպոլցիներին բնորոշ 18-19-րդ դարերի հագուստն ու տարազները: Այն ամբողջությամբ սերում է Բարձր Հայքի տարազից, որտեղ պահպանված են հայկական մանրանկարչությանը բնորոշ զարդակարերն ու ձևվածքները:

Նախորդ դարերում կանայք ու աղջիկները ազգային տարազի հետ միասին կրում էին յուրօրինակ գլխազարդեր, որոնք հանդիսանում էին կանացիության, նրբության ու հավերժական գարնան խորհրդանիշներ։ Թանթանաները ևս իրենց տեսքով ու կտորի որակով ընդգծել են կնոջ դիրքը հասարակությունում:

Ալեքպոլցի կանայք իրենց թանթանաների պատրաստումը վստահում էին միայն հմուտ վարպետուհիներին։ Հետագայում ալեքպոլցի կանայք թանթանայի հետ միասին կրել են նաև հատուկ թասակներ, որոնք նախատեսված են եղել գլխանոցները մաշվելուց ու կեղտոտվելուց պաշտպանելու համար: Ցուցադրության ներկայացված թանթաներից մեկը նաև ռեստավրացիայի է ենթարկվել:

«Այս հինգ թանթանաները պատկանել են ավելի հարուստ  կանանց, աշխատանքը գնահատելով՝ կարելի է ասել, որ ավելի  թանկարժեք են, քան ցուցադրվող նմուշներից մեկը, որը պատրաստված է եղել հասարակ կտորից՝ քաշմիրից, ու խիստ վնասված էր։ Բոլոր թանթանաների վրա  փոքրիկ ծաղիկները ամրացված են մետաղալարերով, որոնք ասեղնագործված են, և մեզ մետաղալարերը նկատելի չեն»,- պատմում է Գյումրիի պատմության թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը։

Գյումրիի թանգարաններում ցուցադրվում են նաև վարպետների ձեռագործ գոտիներ, որոնք եղել են ազգային տարազի բաղկացուցիչ մաս: Դրանք պատրաստել են հատուկ պատվերով, անվանական գոտիների վրա պատկերել են նաև կենաց ծառի, պտղաբերության  հայկական սիմվոլները: Գյումրիի թանգարաններում, ռեստավրացիայից հետո, ցուցադրության կհանվեն ֆոնդերում պահվող եզակի նոր ցուցանմուշներ: