«Ծանր վիրավոր էր, բայց ընկերներին չթողեց օգնեն, ասեց՝ տղեք դուք փախեք, կասեք կգան ինձ կտանեն էստեղից». կարդացե՛ք ՀԵՐՈՍ ԷՐԻԿԻ պատմությունը

Էրիկ Մեսրոպի Աբրահամյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 2-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։ Դեռ ընդամենը 5 տարեկան էր, երբ սկսեց զբաղվել սպորտով՝ Մարտեր առանց կանոնների, Ֆուտբոլ, ըմբշամարտ և չինական բոքս։

Սովորում էր ՏԱՏՀ-ի երկրորդ կուրսում, սակայն կիսատ թողնելով ուսումը՝ 2019 թվականին զորակոչվեց Հայոց բանակ։ Ծառայել է Մարտունի 3-ում, եղել է հրետանավոր։

Պատերազմի ընթացքում եղել է Մարտունու 146 դիրքում, որը թշնամուց 50 մետր էր հեռու։ Հրետանավոր լինելով՝ Էրիկը իր ճշգրիտ հաշվարկների ու արագ կողմնորոշման շնորհիվ բազմաթիվ ջախջախիչ հարվածներ է հասցրել թշնամուն՝ ոչնչացնելով կենդանի ուժ և տեխնիկա։

Ամեն անգամ տուն զանգելիս, երբ մայրը հարցնում էր, թե ոնց է վիճակը իրենց մոտ, ասում էր. «Նորմալա մամ, մեր մոտ չեն կրակում», սակայն մայրը լսում էր կրակոցների ձայնը։ Հերթական զանգի ժամանակ ծիծաղելով ասել է. «Մամ, AKS-ավտոմատով ԱԹՍ եմ խփել», իսկ երբ մայրը սկսել էթ արտասվել, մորն ասել է. «Մա’մ, մի արա տենց, դու տղու մամա ես, տղերքի մամաները չեն լացում»:

Վերջին անգամ իր ծնողների, հարազատների հետ խոսել է նոյեմբերի 2-ին՝ իր ծննդյան օրը, զանգել է բոլոր հարազատներին ու բարեկամներին, երկար խոսել, հետո ասել. «Մամ ջան, ամեն ինչ լավա, լավ մնացեք, հետո կզանգեմ»։

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Էրիկին տեղափողել են Մարտունի 2, որտեղ ընթանում էին թեժ մարտեր։ Չնայած Էրիկը հրետանավոր էր, բայց ընկերները ասում էին, որ գերազանց աչքաչափ ուներ ու դիպուկ կրակող հրաձիգ էր։

Նոյեմբերի 3-ին ստացել է ծանր վիրավորում, երբ ընկերները փորձել են օգնել չի թողել, նրանց կյանքը փրկելու համար ասել է. «Տղեք դուք փախեք, դուք գնացեք, կասեք կգան ինձ կտանեն էստեղից»։ Ավաղ… դրանք եղան Էրիկի վերջին խոսքերը, այդ նույն օրն էլ՝ նոյեմբերի 3-ին, զոհվեց… զոհվեց հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ…

Էրիկ Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով, իսկ ավելի վաղ Միջազգային Անվտանգության Ասպետաց Ակադեմիայի կողմից «Տիգրան Մեծ» մեդալով և բազմաթիվ պատվոգրերով և շնորհակալագրերով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...