Ինչպես աղետից փրկված ձեռագրերը հայտնվեցին Հայաստանում․ ճակատագրական դեպքի մանրամասները

Ամեն ձեռագիր իր ճակատագիրն ունի։ Այդ ճակատագիրը նման է հայի ճակատագրին` տարագրություն, կորուստներ, վերադարձ հայրենիք։ Այս նույն ճակատագրով, 100-ամյա դեգերումներից հետո անցյալ տարի Հայաստան հասան 3 արժեքավոր ձեռագրեր` «Հայսմավուրքը», Սարգիս Շնորհալու «Մեկնությունը» և «Գանձարանը»։

Դրանցից ամենահինը, ամենաարժեքավորն ու ծավալով ամենամեծը 12-րդ դարի հեղինակ Շնորհալու «Կաթողիկյա թղթերի մեկնությունն» է։ Այս ձեռագիրը նախատեսված էր եկեղեցական ամենօրյա ժամերգությունների ընթերցման համար։

Բոլոր երեք ձեռագրերը ժամանակին պահվել են Ագուլիսի Սբ. Թովմա Առաքյալ վանքում, բայց ուղիղ մեկ դար առաջ Ագուլիսից տարվել են Թավրիզ, հասել Բեյրութ, այնտեղից էլ` Հայաստան։ 1918թ–ի վերջին Ագուլիսում տեղի ունեցած ջարդի ու հայկական թաղամասի հրդեհի հետևանքով էլ ձեռագրական հավաքածուն ցանուցիր է եղել։

Ինչպես և ում ձեռքով են փրկվել անցած տարի Հայաստան բերված ձեռագրերը, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ Թավրիզում այս ձեռագրերն ընկել են Մելքոն Հակոբյանի ձեռքը։ Նրանից անցել են որդուն, ով պարսկական բանակի գնդապետ էր։