Գիտե՞ք՝ ով է եղել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը. ճանաչենք հայ խորհրդային ռեժիսորական արվեստի հիմնադիրներից մեկին

Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը թատերական ռեժիսոր և թատերագետ Լևոն Ալեքսանդրի Քալանթարն է՝ ծնված 1891 թվականի հունվարի 16-ին Թիֆլիսում, հայ մտավորականի ընտանիքում:

Թիֆլիսի արական գիմնազիան ավարտելուց հետո, Լևոն Քալանթարը սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում:

Քալանթարը սկսում է հետաքրքրվել Արևելքի պատմությամբ, հայ-վրացական բանասիրությամբ և հնէաբանությամբ։ Եվ ռուս ականավոր գիտնական Ն. Յա. Մառը, որի մոտ սովորում էր Քալանթարը, 1921 թվականին նրան ներգրավում է միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի պեղումների աշխատանքի մեջ։

Քսանհինգամյա Լևոն Քալանթարը, Ս. Պետերբուրգում ուսումն ավարտելուց հետո, վերադառնում է Թիֆլիս և հրաժարվելով գիտական գործունեությունից, նվիրվում է թատերական արվեստին, սակայն մինչև կյանքի վերջը նա չի դադարում հետաքրքրվել պատմությամբ, բանասիրությամբ ու հնէաբանությամբ։

Քալանթարը Սանկտ Պետերբուրգում հաճախում է Ալեքսանդրյան թատրոնի դրամատիկական դասընթացներին, մասնավորապես ռեժիսորներ Անդրեյ Պետրովսկու, Ի. Շմիդտի և Ալեքսանդր Սանինի դասերին։

1918 թվականին Սուրեն Խաչատրյանի և հետագայում ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանի հետ, Լ. Քալանթարը Թիֆլիսում կազմավորում է դրամատիկական ստուդիա։ Քալանթարի համոզմամբ ստուդիան պիտի անսամբլային թատրոնի ոգով դերասաններ դաստիարակեր։ Բայց այս ձեռնարկումից ոչինչ չի ստացվում և շուտով ստուդիան փակվում է։

Նույն այդ թվականներին Լ. Քալանթարը զբաղվում է գրական գործունեությամբ, գրում է հոդվածներ, Վահան Տերյանի հետ միասին մասնակցում Գորկու խմբագրությամբ «Հայ գրականության ժողովածուն» կազմելու գործին։Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց անմիջապես հետո Լ. Քալանթարը, Ստեփան Քափանակյանի հետ միասին, կազմավորում է Ստեփան Շահումյանի անվան երիտասարդական թատրոնը։

Նոր թատրոնի կազմավորման ժամանակ Քալանթարի համար առաջնահերթ խնդիրը թատրոնի հասարակական կողմն էր, դերասանի քաղաքացիական դերը, ամբողջ թատերախմբի աշխատանքի համընդհանուր ոգին։ Ռեժիսորի համոզմամբ ոչ թե առանձին դերասանի խաղն է հետաքրքրում նոր հանդիսականին, այլ ամբողջ խմբի ջանքերով ստեղծված գեղարվեստական պատկերը։ Այդ իսկ պատճառով Շահումյանի անվան թատրոնում Լևոն Քալանթարի համար չկային առաջատար և երկրորդական դերասաններ. նա այդ թատրոն էր հրավիրում դերասանական անհատապաշտությամբ դեռևս չվարակված երիտասարդ դերասանների։

Բոլոր կարևոր հարցերը վճռվում էին թատրոնի ստեղծագործական խմբում։ Բեմադրության ներկայացված պիեսը կարդում էր ողջ թատերախումբը։ Յուրաքանչյուր դերակատար պետք է լավ իմանար ամբողջ պիեսը, գործող անձանց դերերը։ Այդ իսկ պատճառով նոր թատրոնին հարկավոր չէին ոչ սցենարիստներ, ոչ էլ հուշարարներ։

Այն ժամանակ այս ամենը նորություն էր հայկական թատրոնի համար։ Լևոն Քալանթարն ու Ստեփան Քափանակյանը ստիպված էին շատ ջանք դնել, որպեսզի թատրոնի կյանքում արմատավորեն Գեղարվեստական թատրոնի փորձով մշակված այս սկզբունքները։

Այս թատրոնւմ Լևոն Քալանթարը հասցնում է բեմադրել Դելա-Գրացիայի «Կատաստրոֆա» և Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» պիեսները (1921 թվական)։

1921 թվականի օգոստոսի 16-ին հանրապետության կառավարության որոշմամբ Լուսժողկոմատին առաջարկվում է Երևանում կազմավորել պետական թատրոն, և այդ գործը հանձնարարվում է ռեժիսոր Լևոն Քալանթարին։

1928 թվականին Քալանթարը դուրս է գալիս Առաջին պետթատրոնից։ Երկու տարի աշխատելով Բաքվի հայկական թատրոնում, նա 1930-1931 թվականներին դառնում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ռեժիսորը։ Հետագա հինգ տարիներին 1931-1936 թվականներին Քալանթարը ղեկավարում է Երևանի Գորկու անվան բանվորական թատրոնը, իսկ հետո 1937-1943 թվականներին Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը։ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն Լ. Քալանթարը վերադառնում է քսանհինգամյա բաժանումից հետո՝ 1954 թվականին։

Լևոն Քալանթարը մահացել է 1959 թվականի հոկտեմբերի 29-ին: Նշենք, որ կյանքի վերջին տարիներին Քալանթարը հազվադեպ է բեմադրություններ բեմադրում։ Վերջին տարիներին Քալանթարը գիտական գրքեր էր կարդում, հետազոտություններ խմբագրում, սիրով օգնում նրանց, ովքեր խորհրդի էին գալիս իր մոտ։