«Սեպտեմբերի 28-ին մոր ծննդյան օրն էր, գնացել էր մոր շիրիմին այցելելու, բայց չհասցրեց, փոխարենը հավերժ գնաց մոր գիրկը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ հրամանատար ԺՈՐԱՅԻՆ

Ժորա Սամվելի Քթրյանը ծնվել է 1996 թվականին Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, այնուհետև շարունակել Գյումրու Ֆոտոն վարժարանում և թիվ 37 ավագ դպրոցում։ 2014 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Համալսարանն ավարտելուց հետո` 2018 թվականի օգոստոսի 25-ին աշխատանքի է անցնում Մարտակերտի Ներքին Հորաթաղ գյուղի զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։

2020 թվականի հուլիսի 23-ին ստացել է ավագ լեյտենանտի կոչում՝ զբաղեցնելով հրամանատարի պաշտոն, իսկ պատերազմի օրերին հարազատները տեղեկանում են, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսին Ժորան ստացել է կապիտանի կոչում, սակայն, ավաղ, չհասցրեց վայելել իր ստանձնած նոր պաշտոնը ու այդպես էլ չկրեց կապիտանի ուսադիրները…

Երբ սկսվեց չարաբաստիկ պատերազմը, Ժորան հարազատ գյուղում էր, եկել էր այցելելու մոր շիրիմին. սեպտեմբերի 28-ին մայրիկի ծննդյան օրն էր, բայց ավաղ… մոր շիրիմին այցելելու փոխարեն հավերժ գնաց մոր գիրկը…

Սեպտեմբերի 27-ին արթնանալով զինվորի զանգից ու լսելով, որ պատերազմը սկսվել է, միանգամից ուղևորվում է դեպի Արցախ։ 4 ժամ անց արդեն զորամասում էր` իր զինվորների ու մարտական ընկերների կողքին։

Իրեն պատասխանատու էր համարում ամեն մի զինվորի կյանքի համար։ Պատերազմի օրերին, երբ զոհեր էր ունենում, մեծ ցավ էր ապրում, ցավ, որը կապրեր հարազատ հայրը` զավակին կորցնելիս։ Այդ կորուստը իրենն էր համարում, իրեն էր մեղադրում ու էլ ավելի լցվում վրեժով։

Ինքը իր ապրող զինվորի հետ ապրեց, մահացողի հետ` մահացավ…

Զոհվում է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Մատաղիսի մատույցներում նոր ստացած զինտեխնիկան գործի դնելու պահին, զոհվում է թիկունքում ընկած սնարյադից, անմահանում է…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...