«Վերջապես եկավ ամենասպասված պահը, ես ձեզ շատ-շատ եմ սիրում, շուտով ձեր կողքին կլինեմ, իմ հարազատներ». երազանքն այդպես էլ չիրականացավ, ՀԵՐՈՍ Նորայրը զոհվեց մարտի դաշտում

Նորայր Գասպարյանը ծնվել է 1996 թվականի փետրվարի 10-ին Երևանում: Սյունիքի մարզի Կապան քաղաքից էր: 2007 թվականին ընդունվել էր Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիան, տարիներ անց դարձել պարուսույց: Նորայրը հետմահու պարգևատրվել է «Պարի վաստակավորի» կոչմամբ: Ընդունվել էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի բաժին:

Հայոց բանակ է զորակոչվել 2014 թվականին, ծառայում էր Արցախի ՊԲ՝ Ջաբրայիլի զորամասի տանկային վաշտում: 2 ամսից պետք է զորացրվեր, բայց սկսվեց Ապրիլյանը…

Նորայրը 2016 թվականի հունվարի 1-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վերջապես եկավ իմ կյանքի, երևի թե, ամենասպասված թվականը՝ 2016 թվականը: Թե ինչու սպասված, որովհետև այս տարի իմ ու շատ զինվորների «ուվալնյատի» տարին է: Թող այս տարի լինի հաջողություններով լի տարի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորիդ երազանքները, սիրեք իրար և եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ես ձեզ շատ-շատ եմ սիրում ու շուտով կլինեմ ձեր կողքին»:

2016 թվականի ապրիլի 2-ին հակառակորդին կասեցնելու նպատակով` տանկի անձնակազմով մի քանի անգամ զորաշարժ է կատարել ու խոցել գրոհող թշնամուն՝ պատճառելով նրան կենդանի ուժի զգալի կորուստներ:

Նորայրի ընկերը պատմում է, որ երբ տագնապ տվեցին, սկզբից մտածում էին, թե ուսումնական է, սակայն, երբ դուրս եկան տանկերի մոտ, լսեցին հրետակոծության ձայները, հասկացան, որ ամեն ինչ լուրջ է, տրամադրվեցին ու շարժվեցին դեպի դիրքեր: Երբ հրաման ստացան առաջ շարժվել, առաջինը ընկերոջ տանկը շարժվեց, հասցրեց անցնել, չկրակեցին, սակայն, ցավոք, Նորայրի տանկը չհասցրեց… զոհվեց մարտի դաշտում՝ թշնամու կողմից արձակված անօդաչու թռչող սարքի հարվածից:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով, ինչպես նաև պարգևատրվել է ՀՀ «Արիութուն» մեդալով:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...