«Ես պատերազմից չեմ վախենում, ոչ էլ մեռնելուց, մեռնեմ էլ, երկնքից քեզ կօգնեմ, որ ողջ մնաս». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Վոլոդյային, ով զոհվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը

Վոլոդյա Վարդանի Վերանյանը ծնվել է 2001 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սամահին գյուղում։ Ավարտել է Ալավերդու Ա. Միկոյանի անվան N4 հիմնական դպրոցը, որից հետո սովորել է տեղի պետական քոլեջում՝ «Սև և գունավոր մետաղների ձուլման արտադրություն» բաժնում։

Հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հուլիսի 7-ին: Ծառայել է Հադրութի զորամասում, որտեղ իր ռազմական գիտելիքներով և ֆիզիկական ակտիվությանբ գրավել է հրամանատարների ուշադրությունը, և ընդամենը մեկ շաբաթ անց Հադրութի ամբողջ զորամասից հինգ նորակոչիկների հետ անցել է հնգամսյա կրթության՝ Երևանի Նուբարաշենի զորամասում։

Կրթությունը ավարտել է գերազանց և ստացել «Դիպուկահարի» կոչում՝ համապատասխան 3-րդ կարգի շքանշանով, որից հետո ծառայությունը շարունակել է Հադրութի զորամասում։

Առաջին իսկ օրվանից մասնակցել է 44-օրա պատերազմին։ Ստանալով հետնահանջի հրաման՝ մեծ պատասխանատվությամբ և վարպետությամբ կազմակերպել է իր և զինակից ընկերների դուրս բերումը վտանգավոր գոտուց։

Ընկերը, ում կյանքը փրկել է Վոլոդյան, պատմում է. "Հետնահանջի ժամանակ Վլեիս ասացի՝ գիտեմ տուն չեմ հասնելու, ծոցագրպանիս զինգրքույկն ու նկարը կհասցնես տանեցիներիս։ Վլես ասաց՝ Էս կռվի ժամանակ ոչ ես կմեռնեմ, ոչ էլ դու, դու կգնաս տուն ու քո ձեռքով կտաս։ Ես պատերազմից չեմ վախենում, ոչ էլ մեռնելուց, որ մեռնեմ էլ երկնքից քեզ կօգնեմ, որ ողջ մնաս։ Վերջում էլ ասաց՝ մենք անմահ ենք, մեզ համար մահ չկա"

3 օր հերոսաբար մարտնչելով թշնամու դեմ՝ անմահացել է սեպտեմբերի 30-ին ԱԹՍ-ի հարվածից՝ փրկելով զինակից ընկերոջը։ Հողարկավորվել է Ալավերդու զինվորական պանթեոնում։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով, ինչպես նաև «Հովհաննես Թումանյան» մեդալով և պատվոգրով։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...