«Զանգել էր, շնչակտուր խոսում էր, ասեց՝ ամեն ինչ լավ կլինի». ՀԵՐՈՍ Նորայր Սարգսյանի ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ընտանիքին

Նորայր Սարգսյանը ծնվել է 1998 թվականին Շիրակի մարզի Հարթաշեն գյուղում: 2017-2019 թվականներին ծառայել է Հայոց բանակում:

Բանակից հետո անցել է Ոստիկանության զորքերում ծառայելու: Միշտ նվիրված է եղել իր աշխատանքին և դրան վերաբերել է մեծ պատասխանատվությամբ:

Ոստիկանության զորքերում ծառայության ընթացքում Նորայրը մասնակցել է ոչ միայն հասարակական կարգին նվիրված միջոցառումներին, այլ նաև մարտական հերթապահություն է իրականացրել Տավուշի դիրքերում: Նա որոշել էր ընդունվել Ոստիկանության ակադեմիա, շարունակել ծառայությունն ու հասնել գնդապետի կոչման:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ ոստիկանության զորքերի զորախմբի կազմով Նորայր Սարգսյանը Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին, մինչև հոկտեմբերի 22-ը մասնակցեց հայրենիքի պաշտպանությանը: Օրեր անց վերադառնում է հայրենի գյուղ՝ Հարթաշեն:

Երկրորդ անգամ պաշտպանության մեկնեց, այս անգամ՝ Շուշի: Նորայրն ու ծառայակիցները նոյեմբերի 3-ին արդեն Շուշիում էին, ամսի 4-ից արդեն ծանր մարտեր սկսվեցին: Շրջափակման մեջ ոստիկանները ամեն գնով փորձում էին պաշտպանել Շուշին, ցավոք, օրեր անց լսվեց Հերոս Նորայրի և ծառայակիցների զոհվելու բոթը…