Պատերազմ մեկնելուց և ռազմաճակատի ամենաթեժ կետում մարտնչելուց հետո, հոկտեմբերի 8-ին, թշնամու արկը խլեց 21-ամյա Վաչեի կյանքը

Հերոս Վաչագան Մուրադյանը, կամ ինչպես նրան մտերիմներն էին սիրում ասել` Վաչեն, արդեն զորացրվել էր, երբ պատերազմը սկսվեց։ Ծառայել էր Ջաբրայիլի զորամասում,լինելով օրինակելի և բանիմաց սերժանտ: Պատերազմի օրերին նա ռազմաճակատ մեկնեց կամավոր, չլսելով ընտանիքի անդամների խնդրանքները:

«Ծառայողական ընկերները վիրավորվել էին, գնացել էր տեսակցության ու նրանց այդ ծանր, վիրավոր վիճակում տեսնելուց հետո տուն գալով հայտնել էր Ղարաբաղ գնալու որոշման մասին: Հոկտեմբերի 4-ին նա մեկնեց ռազմաճակատ: Վերջին անգամ ավտոբուսի մեջ գրկեցի ընկերոջս, հույս ունենալով, որ վերադառնալուց ավելի ամուր եմ գրկելու»,- պատմում է Վաչեի մանկության ընկեր Էրիկ Ավագյանը :

Վաչեն բնավորությամբ փակ և համեստ մարդ է եղել, ամենքի հետ չէր կարողանում շփվել, քչախոս էր, խելացի էր, հավասարակշռված, խիզախ: Եվ հենց այդ խիզախությունն էր, որ նրան տարավ ռազմաճակատ:

Վաչեն մասնագիտությամբ հաշվապահ էր, ցանկանում էր ավելի զարգացնել մասնագիտական գիտելիքները և չէր դադարում սովորել: Ուսման հետ մեկտեղ հասցրել էր սեփական ուժերով իրեն լավ աշխատանքով ապահովել: Պատերազմ մեկնելուց և չորս օր թշնամու դեմ ռազմաճակատի ամենաթեժ կետում մարտնչելուց հետո, հոկտեմբերի 8-ին, թշնամու արկը խլեց 21-ամյա Վաչեի կյանքը և նրա բոլոր նպատակները: