Մեծ կորուստներ է պատճառել թշնամուն՝  խոցելով մեկ Դ-30, 3 ԿԱՄԱԶ, բայց ԱԹՍ-ն խլել է 4 ընկերների կյանքը

Աղասարյան Յուրին ծնվել է 2001 թ-ի դեկտեմբերի 9-ին, Երևանում։ 2018 թ-ին ընտանիքով տեղափոխվել են Կրասնոդար, որտեղ Յուրին հաճախել է իրավաբանական քոլեջ։ Ուսումը թողնելով կիսատ 2020 թ-ին հունվարի 28-ին զորակոչվել է հայոց բանակ։

Կարող էր ազատվել առողջական խնդիրների պատճառով, բայց չլսելով ծնողներին՝ որոշել է իր պարտքը տալ հայրենիքին ու անցել է ծառայության։ Ազատ ժամանակ զբաղվում էր սպորտով, հաճախում էր կարատեի, ըմբշամարտի, լողի պարապմունքների։

Կարողանում էր իր շուրջ հավաքել ամեն տեսակի մարդկանց։ Ընկերասեր էր, հոգատար, կարեկցող, շատ հումորով և մեծահոգի։ Ուներ մեծ հեղինակություն ընկերական և բարեկամական շրջապատում։ Պատերազմի թեժ օրերին եղել է կռվի դաշտում։ Սեպտեմբերի 27-ին իր զինակից ընկերների հետ մեծ կորուստներ է պատճառել թշնամուն՝  խոցելով մեկ Դ-30, 3 ԿԱՄԱԶ՝ թշնամուն պատճառելով  մարդկային մեծ կորուստներ։

Զոհվել է կռվի դաշտում՝ փրկելով ընկերոջ կյանքը։ Հրամանատարի «թաքստոց» հրամանից հետո Յուրին իր 3 ընկերների հետ թաքնվել են՝ 2 ընկերները մեքենայի մեջ, ինքն ու մյուս ընկերը մեքենայի հետևում։ Ռումբն ընկել է հենց այդ մեքենայի վրա։ 4 հերոսներն էլ զոհվել են։