Ինչպե՞ս է իսպանացին փրկել Կոմիտասի կյանքը Ստանբուլում

Իսպանական El Pais թերթն հրապարակել է հատվածներ արխիվից, որոնք առնչվում են հայոց ցեղասպանությանը։ Մասնավորապես, Մադրիդի Ազգային արխիվում պահվող տեղեկությունները կազմել են Կոստանդնուպոլսում Իսպանիայի հյուպատոս Խուլիան Մարիա դել Արոյոն և Երուսաղեմում հյուպատոս Անտոնիո դե լա Սյերվան։ Դրանք կարող են հիմք հանդիսանալ Հայոց ցեղասպանության ճանաչման համար։

«Ես ուշադրություն եմ դարձրել երիտթուրքերի այլատյացության և ագրեսիայի վրա։ Նրանք հայտարարում են, որ ապրելու իրավունք ունեն միայն իրենք։ Մնացած բոլորին պետք է ոչնչացնել։ Նրանք այդպես են վարվում հույների և հայերի հետ»,-գրված է թղթերում։

Պահպանվել են նաև փաստաթղթեր Կոմիտասին փրկելու և նրան Վիեննա ուղարկելու մասին։ 1916թ–ի հունվարին իսպանացի դիվանագետը գրում է.

 «Սկզբից Կոմիտասին տարել են Փոքր Ասիա, բայց ամերիկյան դեսպանատան ջանքերով նրան այդտեղից էլ տեղափոխեցին»։ Իսպանացին, որն անձամբ է ճանաչել Կոմիտասին, գործի է դրել իր բոլոր կապերը, ինչով էլ օգնել է փրկվել Կոմիտասին։

«Նրանք վախեցել են, որ Կոմիտասը կպատմի ճշմարտությունն այն մասին, թե ինչ տեղի է ունեցել։ Նման մարդկանց սովորաբար գերի են պահում», – ավելի ուշ գրել է նա։