«Կռվի ընթացքում միաժամանակ 8 դիրքի հրամանատար էր, զոհվեց՝ փրկելով իր զինվորների կյանքը». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Գևորգին

Գևորգ Կիրակոսյանը ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 22-ին Ալավերդի քաղաքում։ Սովորել է տեղի թիվ 12 միջնակարգ դպրոցում, ապա շարունակել ուսումը Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում։ 2014 թվականին գերազանց ավարտել է Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանը՝ ստանալով տրակտորիստ-մեխանիզատորի մասնագիտություն։

Բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում: Թեև Գևորգը նաև ՌԴ քաղաքացի էր և հնարավորություն ուներ ծառայությունը Ղրիմում անցնելու, բայց որոշել էր ծառայել սեփական հայրենիքում, ուստի վերադարձել է Հայաստան և ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Մեկ տարի անց՝ 2019 թվականին, ստացել է լեյտենանտի կոչում։ 2019 թվականին սպայական ծառայության է անցել Մատաղիսում՝ որպես Կրակային աջակցման դասակի (ԿԱԴ) հրամանատար։

Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրվանից: Կռվի ընթացքում միաժամանակ եղել է ութ դիրքի հրամանատար: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ի վաղ առավոտյան՝ մարտական գործողությունների ժամանակ՝ փրկելով իր զինվորների կյանքը։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...        
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...