«Մենք վրեժ ունենք լուծելու, թուրքը չի մարսելու մեր տղերքի արյունը». ՀԵՐՈՍ Արգամը ընդամենը 2 ամսվա ծառայող էր, բայց կարողացավ 4 անգամ դուրս գալ շրջափակումից ու փրկել շատերի կյանքը

Արգամ Սելիմյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 28-ին Լոռու մարզի Բազում գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում: Հայոց բանակ զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 16-ին։ Հուլիսյան կռվի ժամանակ նորակոչիկներին տարել էին ԴՈՒՑ-ի զորամաս, բայց Արգամը գնացել ու հրամանատարին խնդրել է, որ իրեն էլ տանեն կռիվ:

Ասել է. «Սենց անարդարա, ես եստեղ, տղերքը կռիվ են տալիս, բոլորս էլ Զինվոր ենք, ինձ էլ տարեք, գոնե պատրոնները կլիցքավորեմ», բայց չեն տարել պատասխանելով որ, դեռ շուտ է։

Հետո, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, Արգամը չպիտի գնար մեքենայի անսարքության պատճառով, բայց հանուն ընկերների ու հայրենիքի՝ բնավորության համաձայն առաջ ընկավ, մասնակցեց թեժ կռիվների, մարտնչեց կռվի դաշտում ու հանեց շրջափակումից ամբողջ զենք-զինամթերքը ու ամեն ինչ՝ մեքենան արագ վարելով։

Արգամը ընդամենը 2 ամսվա ծառայող էր, բայց կարողացավ 4 անգամ դուրս գալ շրջափակումից, փրկել շատերի կյանքը:

Այդ օրերին զանգել է տուն ու ասել. «Մենք վրեժ ունենք լուծելու, թուրքը չի մարսելու մեր տղերքի արյունը»։

Արգամը վիրավորում է ստացել ԱԹՍ-ից Կարմիր շուկայի մոտակայքում, զոհվել հոկտեմբերի 29-ին:

Քույրը, հիշելով եղբոր խոսքերը, հասկանում է, որ Արգամը գիտակցաբար է զոհել իր կյանքը. «Մի անգամ առավոտը շատ շուտ զանգեց, կռիվը նոր էր սկսվել։ Երկար խոսեցինք, ու հեռվից գալով ասեց, որ գնումա Ղարաբաղ, ասեցի՝ բայց քեզ չեն տանելու, դու դեռ նոր ես գնացել։ Ասեց՝ Մեր, պիտի գնամ, սաղ լավ կլինի, տղերքին մահի բերան տարան, ես պիտի իրանց հետ լինեմ։ Էդ ժամանակ միայն ասեց՝ գնամ, հույս ունենանք, որ կգամ: Իր խոսքերից սկսեցի հուզվել, լաց եղա։ Ասեց՝ լավ, ինձ չգիդես, ախպերդ եմ էլի, հոգուդ հետ եմ խաղում, գալու եմ, բա ի՞նչ եմ անելու, էլ չլացես։ Ու դրա մասին ծնողներիս չասեցի, մեջս պահեցի ու ամեն օր հիշում էի…»:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...