«Ասեցին՝ փնտրեք Մարատին մորգերում և հիվանդանոցներում, բայց որ տեգրս դուրս եկավ, ես հայացքից հասկացա». կարդացե՛ք 19-ամյա ՀԵՐՈՍ ՄԱՐԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ պատմությունը

«Խելագարվել ենք, ոնց ապրենք»,- արցունքների միջից ասում է 40-ամյա Սվետա Մանուկյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է 19-ամյա որդուն՝ Մարատ Մանուկյանին։

Մարատ Մանուկյանը ժամկետային զինծառայող էր, ավագ հետախույզ։ Պատերազմն սկսվելուն պես մասնակցել է հակառակորդի դեմ պայքարին՝ սկզբում Հադրութում, ապա՝ Իշխանաձորում, այնուհետև՝ Ջրականում։

Մայրն ասում է՝ պատերազմի առաջին իսկ օրերից շատ անհանգիստ է եղել ու ոչ մի անգամ չի կարողացել որդու հետ խոսել։ Ասում է՝ ձայնը միշտ հեռվից է լսել կամ հեռախոսի բարձրախոսն է միացրել։

Մարատի զինակից ընկերները պատմել են, որ հոկտեմբերի 12-ին հրետանին հարվածել է, տղաներից շատերը օգնություն են կանչել, մյուս տղաները վազել են տարբեր ուղղություններով օգնություն ցուցաբերելու։ «Մարատն էլ գնացել ա հրամանատարության կողմը, էդ պահին հրետանին էլի խփել ա։ Արկի հարվածից բեկորային վնասվածք ա ստացել Մարատս»,- հուզմունքով պատմում է մայրը՝ որդու ընկերների հայտնած տեղեկությունը։

Սվետան ասում է՝ սկզբում ասել են, թե որդին վիրավոր է։ Ամուսնու և ամուսնու հորեղբոր տղայի հետ մեկնել են Խնձորեսկ՝ որդուն փնտրելու։ «Էդ օրը իր ռազվեդկի հրամանատարի հուղարկավորությունն էր, ասեցի՝ եթե իրան հուղարկավորում են, ուրեմն Մարատիս մի բան ա եղել։ Գորիսում ասեցին՝ փնտրեք Մարատին մորգերում և հիվանդանոցներում։ Բայց որ տեգրս դուրս եկավ, ես հայացքից հասկացա, որ Մարատի անունը տվել են, որովհետև աչքերը շատ թախծոտ էին»,- մորմոքով պատմում է որդեկորույս մայրը։

Սվետան ասում է՝ այնուհետև հեռուստատեսությամբ՝ լուրերով են լսել որդու անուն, ազգանունը։ 

«Մարատն իմ ամեն ինչն էր, ամեն ինչս պոկեցին-տարան։ Մենք չենք ապրում, սա անվանում չունի։ Ես խելագարվում էի, մինչև հիմա էլ խելագարվում եմ ու խելագարվելու եմ ու բոլոր մամաների անունից կարամ ասեմ, բոլորիս վիշտը նույնն ա, բոլորիս երեխեքը համարյա նույն տարիքի են»,- ասում է Սվետան ու ցավով շարունակում՝ հոկտեմբերի 15-ին որդուն հոգեհանգիստն էր, հաջորդ օրը հուղարկավորել են:

Մարատը Մանուկյանների առաջնեկն էր։ Սվետան ընդգծում է՝ տան ուրախությունն ու լույսն էր։

Սվետան հաճախ է Եռաբլուր գնում, որտեղ որդին հուղարկավորված է, զրուցում է որդու հետ, ասում է՝ ոչ մի կերպ ցավն ու վիշտը չի կարողանում հաղթահարել։

«Նայում եմ լուսավոր դեմքին, չեմ կարողանում հավատալ, որ ես իրեն էլ չեմ գրկելու, կարոտից խելագարվում եմ։ Մարատին ասում եմ՝ դու ինձ անտեր թողեցիր, բալե՛ս»։