«Ընկերը զանգեց, ինձ ասեց՝ ՁԵՐ ՏՂԵՆ մեր նահանջն ա ապահովել, ինքը դուրս չի եկել». 20-ամյա ՀԵՐՈՍ Վահագն Հովակիմյանի մասին պատմում է ՄԱՅՐԸ

«Ամսի 18-ին Վահագիս ընկերը զանգեց, ասեց՝ ձեզ բան ունեմ ասելու, Վահագը չկա, ամսի 13-ին զոհվել ա, ապահովել ա մեր նահանջը, ասել ա՝ դուք գնացե՛ք, ես կպահեմ, ու էլ դուրս չի եկել»,- հուզմունքով պատմում է պատերազմում զոհված Վահագն Հովակիմյանի մայրը՝ Անժելա Բաբայանը։

20-ամյա Վահագն Հովակիմյանը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Մատաղիսում, երբ սկսվել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Վահագն Հովակիմյանը հակառակորդի դեմ մարտնչել է Մատաղիսում, Ալաշանում, այնուհետև՝ Մարտակերտում։

«Ամսի 10-ից Մարտակերտի 530 բարձունքն են պաշտպանել, հոկտեմբերի 13-ին Վահագը զոհվել ա, ու իրենց պաշտպանած բարձունքը չի հանձնվել»,- նշում է մայրը։

Անժելային որդու զինակից ընկերները պատմել են, որ Վահագնի մոտ միշտ նռնակ է եղել, Վահագնը որոշել էր, որ ոչ մի կերպ գերի չի հանձնվելու․ 

«Ընկերներին ասել է՝ ես ինձ վստահված դիրքը թշնամուն չեմ հանձնի, ինքը դիրքի ավագն էր, ասել ա՝ ինձ վստահված սահմանից մի միլիմետր չեմ նահանջի, ես իմ ծնողների համար եմ կռվում։ Այդ գաղափարով էլ ինքն անմահացել է»,- հուզմունքով ասում է մայրը ու նշում, որ որդու մարմինը գտնելիս նռնակի օղակը որդու մատին է եղել:

Անժելան ասում է՝ հոկտեմբերի 18-ին որդու զոհվելու լուրն ստանալուց հետո սկսել են որդու մարմնի փնտրտուքները, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել, և հավանական տարբերակ էր համարվում, որ Վահագնը գերի է ընկել։

«Դեկտեմբերի 24-ին առաջին մուտքն էր տարածք, Վահագի կասկան գտանք՝ ակուրատնի հանած՝ ոչ թե շպրտած, մենք մտածում էինք՝ որ Վահագը գերի ա։ Դեկտեմբերի 31-ին մի հատ էլ են մտնում տարածք, ասում են՝ Վահագը չկա։ Հունվարի 4-ին ամուսինս և ևս 12 հոգի մտնում են, խրամատից վերև ամուսինս ժիլետ ա տեսնում, ասում ա՝ էդ ժիլետն ինձ ձգեց, ման են գալիս ու էլ ոչինչ չեն գտնում»,- պատմում է Անժելան ու ասում՝ Ստեփանակերտ վերադառնալով ամուսինն իմանում է, որ թուրքերը դիերի փոխանակում են կատարել, որոնց մեջ իրենց որդու մարմինն է եղել։ 

«Երեք դի էին տվել թուրքերը, մեկը ճանաչելի՝ ամբողջական, մյուս երկուսը՝ ոսկոր։ Ամբողջական մարմինը Վահագնինն էր»։

Անժելան ասում է՝ կռվի դաշտում որդին շատ խիզախ է եղել, մարտնչել է անվախորեն ու մինչև վերջին շունչը։ «Հրամանատարը տեսանյութ ա ցույց տալիս Մատաղիսից, ասում ա՝ մինամյոտը պիտի թաքստոցում լինի, իսկ ձեր որդին դրել ա բարձունքի վրա, երկու կողմից իրա վրա աշխատում են, ու ինքը ոչնչացրել ա մեծ խումբ։ 

Մեկ ուրիշ հրամանատար պատմում ա՝ զենքը ձեռքից չէին կարում վերցնեին։ Ասում ա՝ ասում էինք՝ Վահա՛գ, հերի՛ք ա, Վահագն ասում էր՝ չէ՛, սպասե՛ք, մի քիչ էլ աջ կա, մի քիչ ձախ էլ կա։ Ե՛վ ազարտով կռվում էր, և՛ զգոն էր»։

Վահագն Հովակիմյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով։