Կին, ով փոխել է հայ որբերի կյանքը․ զոհելով իր անձնական կյանքը նա դարձել է ՄԱՅՐ հայ փոքրիկների համար

Հայոց ցեղասպանությունն իր ուրույն տեղն ու դերն ունի համաշխարհային պատմության մեջ։ Այդ տարիներն անասելի դաժան էին հայ որբերի համար, բայց անհայտ հերոսուհիները կորղացան փրկել նրանցից շատերի կյանքը։ Այդ հերոսուհիները օտար կանայք էին,  ովքեր մայրեր դարձան ծնողազուրկ հայ փոքրիկներին։

Նրանցից էր Էստոնիայում ծնված Աննա Հեդվիգ Բյուլը։ Գերմանացի ավետարանական քարոզիչները Մարաշում բացում են «Բեյթել» որբանոցը, որում պատսպարվում են ծնողներին կորցրած հարյուրավոր հայ երեխաներ։ Աննան, թողնելով ուսուցչուհու իր գործը, ցանկություն է հայտնում աշխատել որբանոցում։

Այդ որոշումը փոխում է ոչ միայն որբերի, այլև իր կյանքը։ Իմանալով, որ Հալեպում ավելի քան 160 հազար հայ գաղթական կա, որոնք անտանելի պայմաններում են ապրում, նա 1922-ին մեկնում է Հալեպ, որտեղ նրա շնորհիվ բացվում է հայերի համար անվճար հիվանդանոց։ Նա հիմնում է ջուլհականոց և ձեռագործ արհեստանոց, որտեղ աշխատելու հնարավորություն են ստանում 500 հայ կանայք, հետո գումար է հավաքում 250 հայ երեխայի ուսման համար։ Աննան միշտ ասում էր, որ իր «սիրտը հայի է»։

Աննա Հեդվիգ Բյուլը 30 տարի աշխատում է սիրիահայ համայնքի հետ` այդպես էլ չստեղծելով իր սեփական ընտանիքը։ 64 տարեկանում նա գնում է Գերմանիա, ապրում է ծերանոցում, որտեղ էլ մահանում է 94 տարեկանում։