Արաքսի Բաբայանը կամավոր և անվճար երեխաներին գիտություն էր սովորեցնում․ այս հայ քիմիկոսի անունը բոլորս պետք է իմանանք

1906 թվականին Երևանում ծնված Արաքսի Բաբայանը ավարտել է Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական և պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետները։ Բաբայանը զբաղվել է ամինների և չորրորդային ամոնիումային միացությունների հետազոտությամբ։ Սկզբնական շրջանի աշխատանքների արդյունքը եղավ Հոֆմանի ռեակցիայի գործնական կիրառության հնարավորության հայտնաբերումը։ Ինչպես նաև աշխատել է մի շարք ինստիտուտներում և լաբորատորյաներում։

Երբ 1950 թվականին ԵՊՀ դիմեցին 1130 դիմորդ, նրանց մեծ մասը դիմել էր պատմության ֆակուլտետ։ Իսկ քիմիական արդյունաբերությունը հետպատերազմյան Հայաստանում բուռն զարգացում էր ապրում, հանրապետությունը պրոֆեսիոնալ կադրերի կարիք ուներ, բայց շատ քչերն էին ընտրում քիմիկոսի մասնագիտությունը։

Այս փաստը նկատեց Արաքսին, ում անունով կոչվել էր քիմիական ռեակցիա (Ֆավորսկի-Բաբայան)։ Նա անհանգստանում էր , որ երիտասարդները քիմիայով չեն հետաքրքրվում և եկավ այն եզրակացության, որ դա գալիս է դպրոցից։

Արաքսին որոշում կայացրեց՝ գնաց այն դպրոցի տնօրենի մոտ, որտեղ սովորում էր դուստրը՝ արտասովոր խնդրանքով. թույլ տալ իրեն՝ հայտնի գիտնականին, պրոֆեսորին, դպրոցում քիմիայի դասեր տալ անվճար։ Տնօրենը հրաժարվեց՝ չի կարելի, նման կանոններ չկան, հրահանգներ չեն ստացվել։

Բայց Արաքսի Բաբայանը չհանձնվեց։ Նա գնաց Պիոներների պալատ։ Երևանի պիոներների պալատը սիրով ընդունեց Արաքսիի առաջարկը, անմիջապես կոչ ուղարկեցին դպրոցներ՝ քիմիայով հետաքրքրվող աշակերտներին պալատ ուղարկել, դասասենյակ հատկացրին, Արաքսի Բաբայանը պալատի աշխատողների հետ միասին քիմիական լաբորատորյա կառուցեց։

Եվ սկսվեցին դասերը՝ շաբաթական երեք օր: Այս ամենը տևեց մոտ 3 տարի, որոնց ընթացքում գիտնականը կամավոր ու անվճար երեխաներին սովորեցնում էր քիմիա, դրա հետ մեկտեղ նաև նրանց մեջ սերմանում էր սեր, որը նա ուներ գիտության հանդեպ։