«Ասինք՝ էս ոնց եկար, ախպեր, ասեց «Պետք էր, եկել եմ..». ճանաչե՛ք ՀԵՐՈՍ Ժորային, ով չգիտես որտեղից, ՕՓԵԼ-ով մտնում է ռազմի դաշտ ու վիրավոր տղեքին տանում բուժհիմնարկ

Ժորա Սամվելի Քթրյանը ծնվել և մեծացել է Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։ 44-օրա պատերազմի հերոսներից է: 2014 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել որպես պայմանագրային զինծառայող։

Որպես լավ հրամանատար, հաջորդաբար ստացել է լեյտենանտի, ավագ լեյտենանտի ու կապիտանի կոչումներ, ինչպես նաև բազմաթիվ շնորհակալագրեր։

Ժորան Գյումրիում էր, երբ պատերազմը սկսվեց: Գնացել էր մոր շիրիմին այցելելու, սեպտեմբերի 28-ին մայրիկի ծննդյան օրն էր, սակայն չհասցրեց… Զինվորի զանգից վեր է թռնում ու անմիջապես ուղևորվում ռազմի դաշտ…

Ժորայի հետ մարտնչած ընկերները պատմում եմ նրա սխրանքների մասին, թե ինչպես Ժորան, տեսնելով, որ շտապ օգնության մեքենան ուշանում է, չգիտես, թե որտեղից, ռազմի դաշտ է բերում ՕՓԵԼ ԶԱՖԻՐԱ, հանում է հետևի նստատեղերը և վիրավոր զինծառայողներին տեղափոխում բուժհիմնարկներ։

ՈւԱԶ մակնիշի մեքենայով կռվի դաշտից դուրս է հանել և Գորիս տեղափոխել հարյուրավոր զոհված հերոսների դիեր, ու եթե նա չլիներ այդքան սառնասիրտ ու չգնար այդ քայլին` գուցե նրանցից շատերը այսօր լինեին անհետ կորածների շարքերում։

Իր սեփական կյանքը վտանգի տակ դնելով՝ իր ընկերներից մեկի հետ, այդ նույն մեքենայով, գնացել և շրջափակումից դուրս է բերել զինակից ընկերներին։ Բոլորը` զարմանքից քարացած, հարցնում էին, թե ինչպես է տեղ հասել, այն էլ` մեքենայով, ասելով, որ այդ տարածքը շատ վտանգավոր է, մարդիկ նույնիսկ իրենց սեփական ոտքով չեն հասնում այնտեղ, ու՞ր մնաց թե մեքենայով։ Ժոռը` քմծիծաղ տալով պատասխանել է. «Պետք էր, եկել եմ…»:

2020 թվականի հոկտեմբերի 29-ին նոր ստացած զինտեխնիկան գործի դնելու պահին Մատաղիսի մատույցներում թիկունքում ընկած սնարյադից հերոսաբար անմահանում է…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...