Այս վանքը կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում․ գիտե՞ք, թե որ եկեղեցու մասին է խոսքը

Հովհաննավանքը հնագույն վանք է, որը գտնվում է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին։ Ձորի հակառակ կողմում Արա լեռն է, որի դիմաց տեղի է ունեցել Արա Գեղեցիկի և Շամիրամի զորքերի ճակատամարտը։

Վանքը հայտնի է նաև Հովանավանք, Հովհաննու վանք, Հովհանավանք, Սուրբ Հովհաննես, Սուրբ Հովհաննու Կարապետի վանք, Սովի վանք, Սուղի վանք, Օհանավան, Օհանավանք և այլ անվանումներով։

Վանքը կառուցվել է 4-13-րդ դարերում։ Մի քանի վկայություններ կան, թե ո՞վ է կառուցել վանքը։ Ըստ առաջին վկայության հիմնադրումը վերագրվում է Գրիգոր Լուսավորչին։ Առաքել Դավրիժեցու վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։

Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարում է կառուցվել, իսկ գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով։

Հովհաննավանքն իր պատմության բոլոր ժամանակներում կարևոր դեր է կատարել Հայաստանի հոգևոր, կրթական և մշակութային կյանքում։ Այստեղ գործել են կրթական տարբեր տիպի դպրոցներ, բարձր տիպի դպրանոց, որտեղ ուսումնասիրվել են տոմարագիտություն, փիլիսոփայություն, երաժշտություն, բանասիրություն։ Հովհաննավանքում գործել են տասնյակ գրիչներ, որոնք ընդօրինակել են բազմաթիվ ձեռագրեր։ Այդ ձեռագրերից մեր օրերն են հասել ու այժմ Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են մոտ 20 ձեռագրեր։