Գիտե՞ք՝ Եվրոպայի ԱՄԵՆԱՀԻՆ եկեղեցին ՀԱՅԿԱԿԱՆՆ Է, բայց գտնվում է Հայաստանից դուրս. ահա, թե որտեղ է այն գտնվում և ինչով է տարբերվում

Վենետիկի սրտում գտնվող Սան Մարկո հրապարակի հարևանությամբ է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին, որը Եվրոպայում գործող ամենահին հայկական եկեղեցին է։ Հայ համայնքի ազգային այս եկեղեցին գտնվում է Կալլե դեի Արմենիում, կամ Հայոց նրբանցքում, որի մաս կազմող դալանաձև մուտքը տանում է ընդհանուր մի սրահ՝ առանձին մուտքերով դեպի եկեղեցի և հյուրատուն։

Հայերի փաստացի ներկայությունը Վենետիկում հին պատմություն ունի։ Այստեղ հայերը հայտնվել են 12-րդ դարում, իսկ  13-րդ դարում արդեն կար լավ ձևավորված հայկական համայնքը, որը հիմնականում բաղկացած էր առևտրականներից։ Շատ կարճ ժամանակում հայ համայնքը դարձավ Վենետիկի ամենահարուստ, կայուն ու գործարար համայնքներից մեկը։

1253 թվականին վենետիկցի ազնվական Մարկո Ձիանին Սան Ձուլիան թաղամասում իրեն պատկանող տունը կտակում է տեղի հայերին, որպեսզի նրանք օգտագործեն որպես հյուրատուն։

1496 թվականին հայ համայնքին թույլատրվեց հյուրատան կողքին Սուրբ Խաչին նվիրված խորան և մատուռ կանգնեցնել։ Հայ ճանապարհորդ Սիմեոն Լեհացին իր գրառումներում հիշատակում է Վենետիկի սրտում գործող հայկական իջևանատունն ու Սուրբ Խաչ եկեղեցին։ Եկեղեցու մասին նա գրում է, որ կառույցը ներառում է նաև հյուրերի համար սենյակներ, սեղանատուն և վանականների խցեր։

1682 թվականին Միրման ազդեցիկ ընտանիքից մի հարուստ վաճառականի թույլատրվեց մեծացնել մատուռը՝ դարձնելով այն մեծ եկեղեցի՝ օժանդակ փոքր զանգակատնով։

Եկեղեցին հիմնովին վերակառուցեց ճարտարապետ Անտոնիո Պաստորը և իր դռները բացեց համայնքի անդամների առաջ 1688 թվականին։

1740 թվականին սեփականության կառավարումը վստահվեց Վենետիկի  Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայ վանականներին։ Երկար ժամանակ Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվն է եղել նշանավոր փիլիսոփա, բանաստեղծ Խաչատուր Էրզրումցին։

Եկեղեցու երեք խորանները նկարազարդել են վենետիկյան բարոկկոյի նկարիչները։ Կենտրոնական խորանը նվիրված է Սուրբ Խաչին, որմնանկարը կոչվում է  «Սուրբ խաչի գյուտը», որի նկարիչը Անդրեա Չելեստին է։

Աջակողմյան խորանը՝ նվիրված է հայ եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչին։ Այստեղ նկարիչ Գրեգորիո Լաձարինին պատկերել է «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին ու նրա կնոջը»։ Իսկ ձախ կողմի խորանին կրկին Անդրեա Չելեստիի հեղինակած Աստվածամոր Վերափոխման տեսարանն է։

Առաստաղը զարդարող ավետարանիչների և տերունական պատկերների շարքը վերագրվում է Ալբերտո Կալվետիին։

Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցում են ամփոփվում բազմաթիվ նշանավոր բարերարների և հոգևորականների աճյունները, որոնց շարքում է եկեղեցու կառուցող Միրմանը։ Նրա շիրմաքարն առանձնանում է տպավորիչ արձանագրությամբ․ «Ապրեց ինչպես առյուծ, մեռավ ինչպես կարապ և վեր կհառնի իբրև փյունիկ»։