Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ. ահա, թե որ եկեղեցու մասին է խոսքը

Թուրքական իշխանությունները որոշել են վերականգնել Դիարբեքիրի Սուր կենտրոնական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցին: Նշվում է՝ ներկայումս կիսաքանդ եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1840 թվականին, որի վերաբերյալ շինարարական արձանագրությունը ներկայումս գտնվում է Դիարբեքիրի հնագիտության թանգարանում: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

Եկեղեցու պահպանման հարցը նախորդ տարվա հոկտեմբերին բարձրացրել էր Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանը Դիարբեքիրի նահանգապետ Մունիր Քարալօղլուին այցելության ժամանակ:

Հաղորդվում է, որ եկեղեցու վերականգնման գործը հանձնարարվել է Դիարբեքիրի գեոդեզիայի և հուշարձանների վարչությանը, որ 2021-ի դեկտեմբերին եկեղեցու վերականգնման նախագծի համար մրցույթ էր հայտարարել: Մրցույթում հաղթած ընկերության հետ նախագծային ու նախապատրաստական աշխատանքների համար  947.640 լիրայի ( 70 հազար դոլար) պայմանագիր է ստորագրվել:

Ավելացնենք, որ Սուրբ Սարգիսը հայտնի է նաև Բրնձի եկեղեցի անունով, քանի որ 1950-1985 թվականներին այն օգտագործվել է որպես բրնձի մշակման ֆաբրիկա: