ՀԱՅԿԱԿԱՆ Զանգեզուրի լեռնաշղթայի այս լճերը ձեզ պարզապես կհիացնեն. սրանցից ո՞րն է ձեզ ծանոթ
Զանգեզուրի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ: Սկսվում է Հարավային Ծարասարից և ձգվում մինչև Արաքսի կիրճ: Երկարությունը՝ շուրջ 160 կմ: Ջրբաժան է Որոտան և Արփա գետերի միջև: Զանգեզուրի լեռների կատարային մասում են գտնվում Գազանալիճ, Կապուտան, Ծակքար, Կապտաչ և Խուրջին լճերը:

Լեռների հարավ-արևմտյան լանջերից են սկիզբ առնում Արաքսի ձախ՝ Ողջի և Մեղրի վտակները, ինչպես նաև բազմաթիվ այլ գետեր: Ամենաբարձր կետը՝ Կապուտջուղ լեռն է (3906 մ), Հայաստանի Հանրապետության բարձրությամբ երկրորդն է՝ Արագածից հետո:
Գազանալիճ
Գտնվում է Կապուտջուղ լեռնագագաթից հյուսիս՝ Քաջարանց գյուղից 11 կմ հս-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3112 մ, մակերեսը` 1,8 հա, խորությունը` մինչև 10 մ:

Գազանալճի անվան հարցում այլ տարբերակներ կարծես չկան: Հին և նոր անվանումները նույնն են:
Կապուտան կամ Գոգի լիճ
Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ:

Ծակքար լիճ
Ծակքար լիճը գտնվում է Կապուտանից մոտ 2 կմ արևելք՝ ավելի բարձր դիրքում (3272 մ): Մակերեսը 3 հա, անվանում են նաև Սագքար և Ծաղկարի:

Լիճք գյուղից 8 կմ արևմուտք 2 լիճ կա, որոնցից մեծի անունը Կապտաչ է կամ ինչպես տեղացիներն են կոչում Սրտներ, քանի որ վերևից նայելիս սրտի տեսք ունի: Գտնվում է ծովի մակարդակից 3283 մ բարձրության վրա, մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ:
