«Ուղիղ մեկ տարի փնտրեցինք իրան, անհետ կորած էր». ՀԵՐՈՍ Դավիթ Գևորգյանի մասին պատմում են ընկերները

Դավիթաշենի Առաջին թաղամասում գտնվող 22-րդ շենքի միջանցքն արդեն մեկ տարուց ավելի է՝ ինչ դատարկ է, չեն լսվում Դավիթ Գևորգյանի կիթառի ձայնն ու նրա ընկերների ծիծաղը։ 

Խմբի հոգին՝ 19-ամյա Դավիթ Գևորգյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում՝ իրենից հետո թողնելով ցավ, կարոտ և դատարկություն հարազատների ու ընկերների սրտերում։ Դավիթը տանկիստ էր, կռվել է Վարանդայի շրջանում։ Վերջին զանգը տուն արել է հոկտեմբերի 16-ին։ Զանգել է մորն ու ասել՝ տեղս հարմար չի, հենց հարմար լինի՝ կզանգեմ։

Ընկերներից Սյուզաննա Գդոյանը պատմում է՝ Դավիթն ուղիղ մեկ տարի անհետ կորած էր, մասունքներն Ադրբեջանից բերելուց հետո ուղարկել են արտասահման՝ ԴՆԹ հետազոտության, և երկար ամիսներ սպասել պատասխանին: 

«ԴՆԹ-ն հաստատվեց 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ պատերազմից ուղիղ մեկ տարի անց․․․»- նշում է Սյուզաննան և նկարագրում ընկերոջը՝ Դավը տաղանդավոր էր, ապրում էր հետաքրքիր ու լիքը կյանքով.․․

Հայաստանից գնալու միտք անգամ չուներ, յուրահատուկ ձևով էր սիրում հայրենիքը։ Ընկերներն ասում են՝ Արևմտյան Հայաստան գնալուց հետո ամեն հարմար առիթ օգտագործում էր Արևմտյան Հայաստանի ու էնտեղ իր տեսածների մասին պատմելու համար։ Շատ էր հպարտանում դրանով ու նաև նրանով, որ պիտի ծառայեր ու տուն գար՝ հայրենիքի համար էլ ավելին անելու նպատակով, բայց նպատակները կիսատ մնացին պատերազմի պատճառով․․․

Ընկերների խոսքով՝ մարդկանց հեշտությամբ մոտ չէր թողնում իրեն։ Ասում են՝ Դավիթի հետ մտերմություն հաստատելու համար պետք էր շատ տանջվել, որովհետև իր ընկերներին առանձնակի ուշադրությամբ էր ընտրում։ Նույնքան զգուշորեն էր վարվում իր մեջ ծնված սիրո հանդեպ, քչերը գիտեն, որ սիրած աղջիկ ուներ։

«Հա՛, սիրած աղջիկ ուներ, էդ աղջիկը ես էի,- ժպիտով ասում է Սյուզի Շահինյանն ու շարունակում,- ես գիտեի դրա մասին, բայց ինքն ինձ ուղիղ կերպով չէր ասում, հետո իր ընկերներից մեկն էր ինձ գրել, հարցրեց՝ Սյուզին ե՞ս եմ, Հայաստանո՞ւմ եմ ապրում, թե՞ չէ: Պատասխանեցի՝ չէ՛, Լեհաստանում եմ ապրում, ասեց՝ լավ, ուրեմն դու ես էդ աղջիկը, հետո ասեց՝ Դավոյից բան չէր լինում իմանալ, բայց պատմել էր քո մասին:

Դավը միշտ ասում էր՝ Սյո՛ւզ, լսի հլը, դու կարա՞ս գաս Հայաստանում ապրես, ասում էի՝ կարող ա, ասում էր՝ ըհը, շատ լավ ա, դե դու մտածի էդ ուղղությամբ»։