«Մեքենա չկար, որ զինտեխնիկա տեղափոխեին, ինքը կռվի թեժ պահին թշնամու զինամթերքով լի ՈՒՌԱԼ-նա սարքում ու գնում դիրքեր». կարդացե՛ք ՀԵՐՈՍ Ժորայի սխրանքները

Ժորա Սամվելի Քթրյանը 44-օրյա պատերազմի հերոսներից է: Ծնվել է 1996 թվականին Շիրակի մարզի Մայիսյան գյուղում: Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և 2018 թվականին աշխատանքի է անցել Մարտակերտի Ներքին Հորաթաղ գյուղի զորամասերից մեկում որպես պայմանագրային զինծառայող։ Իր փայլուն գիտելիքների, անձնուրաց ծառայության և հայրենիքին նվիրվածության շնորհիվ հասել է մինչև կապիտանի կոչման, սակայն, ցավոք, չհասցրեց վայելել իր ստանձնած նոր պաշտոնը և այդպես էլ չկրեց կապիտանի ուսադիրները…

Պատերազմի ընթացքում աչքի է ընկել իր սխրանքներով, իր անձնուրաց պայքարով: Երբ կապ չեն ունեցել, Ժորան` 07 մակնիշի ավտոմեքենայով, երկու զինծառայող էլ մեքենայի հետևից հրելով, բարձրացել են սարը։ Ժորան վերանորոգել է խաթարված կապը, որն այդ օրերին օդ ու ջրի պես անհրաժեշտ էր իրենց։ Ինքնագնաց զինտեխնիկան պահում էր անտառում` թշնամու նշանառության տակ չհայտնվելու համար, և հետո` անձամբ ինքն էր գնում դրա հետևից` չվտանգելով ոչ մի զինծառայողի կյանք։

Կռվի ամենաթեժ պահին, երբ զինտեխնիկա էր պետք տեղափոխել, համապատասխան մեքենա չկար: Հերոս Ժորան իրեն չի կորցնում: Գնում՝ իր ձեռքով նորոգում և գործի է դնում հակառակորդի կողմից լքված ու անսարք ՈՒՌԱԼ մակնիշի ավտոմեքենան, որն ի դեպ` զենք-զինամթերքով էր բարձված։

Նորոգում է, բերում և հրետանին կապում հետևից, նստում ղեկին և շարժվում դեպի դիրքեր, իսկ հետևից ՕՓԵԼ-ով գնում է զինակից ընկերը: Այդ պահին հակառակորդի ԱԹՍ-ն խփում է ՈՒՌԱԼ-ին և ՈՒՌԱԼ-ը սկսում է այրվել: Ընկերը կանգնեցնում է մեքենան, խուճապահար մոտենում է ՈՒՌԱԼ-ին, բացում դուռը և տեսնում Ժոռին` սառած դեմքով յուղի և փոշու մեջ կորած։ Ընկերոջ բղավոցից հանկարծ սթափվում է Ժոռը, հետ գալիս իրականություն, և զգում, որ ողջ է։

Փրկվում է փորձանքից, մոռանում կատարվածը և շարունակում իր պայքարը… իր հերոսական պայքարը։ Իր սխրանքներով ապացուցում, որ հերոսներ միայն հեքիաթներում չեն լինում…

Մենք իմացանք, մենք գիտենք, չենք մոռանա, որ իրական հերոսներ ունենք, էն էլ ինչքան հերոսներ, բայց ինչ գնով իմացանք…

Ժորա Սամվելի Քթրյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Մատաղիսի մատույցներում, երբ նոր ստացած զինտեխնիկան գործի դնելու պահին թիկունքում սնարյադ է ընկնում…

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...