«Երբ կռիվը սկսվեց, ես աշխատանքի էի, զանգեց ասաց՝ մամ, ուզում եմ գնամ, գնաց ու էլ հետ չեկավ»․ հերոս Մեսրոպ Հարությունյանի պատմությունը

Մեր հերոսներն ունեն յուրահատուկ, անկրկնելի պատմություններ ու կյանք։ Նրանք բոլորը պայքարել են հանուն իրենց հողի ու հայրենիքի։ Արցախյան 2-րդ պատերազմում զոհված Մեսրոպ Հարությունյանը կամավոր է մեկնել ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենիքը:

«Նպատակներ շատ ուներ, ամեն անգամ ասում էր՝ ես այնպիսի մարդ եմ դառնալու, որ ինձնով հպարտանաք ու ձեղ լավ զգաք, այդպես էլ կար»,-պատմում է մայրը՝ Օվսաննա Գրիգորյանը:

Մեսրոպը սովորել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում, սպորտային լրագրության բաժնում: Մեր հերոսը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին ու աչքի ընկել իր խելքով ու արիությամբ։ «Երբ կռիվը սկսվեց, ես աշխատանքի էի, զանգահարեց ասաց՝ մամ, ուզում եմ գրվեմ, գնամ: Թաքուն գնաց վայենկոմատ: Հոկտեմբերի 5-ին մեկնել է առաջնագիծ։ Ասում էր՝ ոչ մեկդ հետևիցս չլացեք»,-պատմում է մայրը:

Մեսրոպ Հարությունյանը ծնվել է 1996 թ-ի հոկտեմբերի 14-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է հոկտեմբերի 14-ին: Փառք ու պատիվ մեր հերոսներին։