«Ես սպասում էի, որ ինքը պետք ա գա, իրան պիտի բերեն, բայց ասեցին՝ զոհվել ա». կինը՝ ՀԵՐՈՍ ԱՄՈՒՍՆՈՒ, 2 որդիների հայր Մյասնիկ Մյասնիկյանի մասին

«Ամսի 5-ին սկեսրայրս բարեկամների հետ գնաց հիվանդանոցներում Մյասնիկին փնտրելու: Սպասում էի, որ ինքը պետք ա գա, իրան պիտի բերեն, բայց ասեցին՝ զոհվել ա»,- հուզմունքով ասում է 25-ամյա Անի Մարտիրոսյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է սիրելի ամուսնուն՝ Մյասնիկ Մյասնիկյանին։

Մյասնիկ Մյասնիկյանը զինվորական էր, ծառայել է խաղաղապահ զորքերում, հերթապահությունից տուն է վերադարձել, երբ զանգ է ստանում, որ պատերազմ է սկսվել։

Կինը հիշում է՝ ամուսինը միանգամից հավաքել է իրերը և մեկնել առաջնագիծ։ 

«Մյասնիկը Ապրիլյանին էլ է մասնակցել, նման տագնապով գնացել էր, 22 օր էնտեղ ա եղել, նորմալ վերադարձել, բայց էս անգամ․․․»- հուզմունքի պատճառով խոսքն ընդհատում է 25-ամյա կինը։

Մյասնիկն ու Անին 7 տարի առաջ են ընտանիք կազմել, երկու որդի ունեն։ Մեծ որդին՝ Պարգևը, 6 տարեկան է, փոքրը՝ Հայկը՝ 3,5։

Անին ասում է՝ ամուսինը զանգել է պատերազմի օրերին, տեսազանգով զրուցել ընտանիքի, որդիների հետ։ Հոկտեմբերի 1-ին Մյասնիկը զանգել է կնոջը, ասել, որ հեռախոսը լիցքավորման միացնի, կամ երեկոյան կամ հաջորդ օրը առավոտյան նորից կզանգի։ 

«Ասեց՝ կսպասես, կզանգեմ, ու էդպես էլ չզանգեց։ Լուր չունեինք մինչև ամսի 4-ը»,- հիշում է կինը։

Ավելի ուշ ամուսնու ընկերները պատմել են, որ հոկտեմբերի 1-ի երեկոյան Մյասնիկն ու զինակից ընկերները Քարվաճառում հայտնվել են շրջափակման մեջ, որտեղ էլ տեղի է ունեցել ողբերգական դեպքը։

«Այդ օրը 12 ժամ կռիվ են տվել Քարվաճառում, ինքը իր մնացած ընկերների հետ հանել է վիրավոր ընկերներին, զոհված ընկերների մարմինները, վերջում ինքը չի փրկվել, արկի բեկորից զոհվել ա»,- ցավով ասում է Անին։

Անին ասում է՝ հոկտեմբերի 5-ին արդեն բոլոր բարեկամները գիտեին դեպքի մասին և երբ իրեն հայտնել են, ոչ մի կերպ չէր ուզում հավատալ, որ դա իրականություն է։ 

Մյասնիկը շատ հոգատար ամուսին էր, հայր, եղբայր ու որդի՝ ասում է կինը։
Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայության» մեդալներով: