«Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ». ճանաչենք Պատվո լեգեոնի շքանշանի ասպետին

Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ։ Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք։

Խոսքերի հեղինակը ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Ժան Գառզուն է՝ ծնված 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում:

1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ Սովորել է Փարիզի ճարտարապետական դպրոցում և միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան։

1929 թվականին ֆրանսիացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարը արժանացել է մրցանակի։

1929 թվականից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։

1938 թվականին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-1940-ական թվականներին Գառզուի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային» սալոններում։ Գառզուն Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400, իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործեր։ Գառզուն Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ էր. 1979 թվականին դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Գառզուն հետևել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կանաչ, կապույտ հյութեղ մակերեսներն ու մութ ֆոները։

Չնայած Գառզուի արվեստում դոմինանտությունը պատկանում է ուրվագծին՝ գույնը նրա համար կարևոր արտահայտչամիջոց է։ Նրա հորինվածքների մեծ մասը հիմնված է գունային հարթությունների (արտացոլում են երկինքը, հողը, ծովը) և ցանցահյուս նախշերի հակադրության վրա։ Լիտոգրաֆիական շարքերում փոփոխություն մտցնելով գունային համակարգում՝ նկարիչը հասնում է միևնույն հորինվածքային մոտիվի տարբեր կերպարային հնչեղությանը։

1950-ական թվականներից սկսած, Գառզուն մեծ համբավի է արժանացել, երբ ի հայտ են եկել նկարչի մարդասիրական աշխարհայացքը, հակապատերզամական տրամադրությունները խորհրդանշող պատկերները՝ լքված ու ավերված պալատներ, նավահանգիստներ, երկաթուղային կայարաններ, որտեղ արտացոլված է ամայության և տագնապի զգացողությունը։

Գառզուի գործերում իրականությունը ասես կերպարանափոխվել, վերածվել է եռանդագին ու նրբագեղ գծերի հյուսվածքի՝ տեսիլ-աշխարհներ։ Նրա գծանկարի կարևոր խնդիրներից է՝ արարել ինչ-որ տիեզերական տագնապի և դրախտային զգացման խորհրդավոր մթնոլորտ։ Գիծը դարձել է գառզուական գեղանկարչության գլխավոր արտահայտչամիջոց։

Հանրահայտ խորհրդանշական պատկերը և գործեր՝ «Երազների ծովախորշը» (1951) «Վենետիկ» (1953 ) «Բուժիվալի լքված պալատը» (1954) «Ապոկալիպսիս» (1957) «Երկաթուղի» (1958), «Երկրային դրախտ» (1959) նկարաշարեր «Լքված նավահանգիստը» (1966) վիմագրություն «Քաղաքը» (1972)

Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ։ Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ։

Չնայած Գառզուն երբեք չի գործում որպես ճարտարապետ՝ այնուհանդերձ, ճարտարապետութունն իր անխախտ դրոշմն է թողնում իր ստեղծագործություններում. ճարտարապետությունը և ակադեմիական կրթությունը, անշուշտ, վճռական դեր են խաղում, որ Գառզուն հետագայում իր նկարաշարերում ներկայացնի գոթական, Վերածննդի, դասական, բարոկկո, նեոկլասիցիզմի («Վերսալ») ճարտարապետության բազմապիսի մոտիվներ՝ գծային, հեռանկարչական անթերի մեկնաբանումներով։

Հետպատերազմյան տասնամյակների ընթացքում նկարիչը մեկը մյուսի ետևից ստեղծում է լիտոգրաֆիաներ, ջրաներկեր, օֆորտներ՝ Միջերկրածովի, Իլ-դե-Ֆրանսի, Բրետանիի, Վենետիկի, Փարիզի, Վերսալի, Տյուիլյրի, զանազան նավահանգստային քաղաքների բնապատկերներով։ Այս աշխատանքներում ճշգրտորեն տրված է բնանկարային մոտիվը, սակայն Գառզուի ճշգրտությունը կրկնությունից հեռու է։ Նկարիչը դեմ է բնության ուղղակի վերարտադրությանը, քանի որ հնարավոր չէ մրցել բնության հետ, բայց նա դեմ է նաև բնության իսպառ անտեսմանը, քանզի վերջինս նկարչին հույզեր տվող աղբյուր է։

Ժան Գառզուն մահացել է 93 տարեկան հասակում, 2000 թվականի օգոստոսի 12-ին: