Խորհրդային տարիներին այս թանգարանի կառուցումը այդպես էլ իրականություն չդարձավ. ի՞նչ թանգարանի մասին է խոսքը և ու՞մ շնորհիվ է կյանքի կոչվել դրա կառուցման նախագիծը

Խոսքը Երևանի Արաբկիր համայնքում՝ Հարություն Կալենցի 18 հասցեում գտնվող Կալենց թանգարանի մասին է, որը բացվել է 2010 թվականի ապրիլի 27-ին՝ Հարություն Կալենցի 100 և Արմինե Կալենցի 90-ամյակի կապակցությամբ։

Դեռ 1968 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել Հարություն Կալենցի թանգարանի կառուցման վերաբերյալ, ինչը խորհրդային տարիներին այդպես էլ իրականություն չդարձավ։ Թանգարանը կառուցվել է Արմինե և Հարություն Կալենցների տուն-արվեստանոցի հիման վրա, թանգարանի կառուցման նախագիծը կյանքի է կոչվել Արմինե և Հարություն Կալենցների որդու՝ Սարո Կալենցի ջանքերով։

Հարություն Կալենցի մահվանից հետո ընտանիքը ձեռնամուխ եղավ թանգարանի ստեղծմանը։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2002 թվականին և ավարտվել 2010 թվականին։

Թանգարանն ունի երկու հարկ. մեկում ներկայացված է Հարություն Կալենցի, մյուսում՝ Արմինե Կալենցի արվեստը։ Այստեղ պահվում են Հարություն և Արմինե Կալենցների 1000-ից ավելի աշխատանքներ, գրաֆիկական գործեր, ինչպես նաև արխիվային նյութեր, որոնցից ցուցասրահներում ներկայացված են շուրջ 300-ը։

«Կալենց» թանգարանի ծրագրերում ընդգրկված են ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ուսուցողական և գիտական ուսումնասիրությունների ծրագրեր, արվեստի արդի խնդիրներին վերաբերող քննարկումներ, կինոդիտումներ, հրատարակչական նյութերի պատրաստում և տարածում: