Ինչպե՞ս չէր խելագարվում Թումանյանը, եթե Սարյանը նույնիսկ ուշաթափվեց՝ տեսնելով այդ ամենը. լսե՞լ եք մեր ՄԵԾԵՐԻ կյանքից այս պատմությունը

20-րդ դարասկզբի ջարդերի ժամանակ, երբ շատ հայեր սպանվում էին, կամ մահանում էին սովից, ծարավից, տարբեր հիվանդություններից, վիշտը համախմբել էր բոլորին, յուրաքանչյուրը փորձում էր օգնել ինչով կարող է: Մեծ ուշադրություն էին դարձնում հատկապես որբացած երեխաներին: Շատերը օգնում էին նրանց տեղավորել մանկատներում, շատերը որդեգրում էին որբերին:

Թումանյանը ակտիվորեն զբաղվում էր այդ գործով: Նա նույնիսկ տասնյակից ավել որբերի էր որդեգրել: Նույն մտադրությամբ Էջմիածին էր եկել նաև Մարտիրոս Սարյանը, սակայն չհասցրեց նույնիսկ ինչ-որ բան անել, ինչ-որ օգնություն ցուցաբերել:

Բակում և միջանցքներում իրար վրա դրված դիակներ էին, շուրջբոլորը՝ սով, հյուծված և հիվանդ աչքեր, մահացողների ճիչեր, որբ երեխաներ, վիրավորներ…

Տեսնելով այդ իսկապես դժոխային տեսարանները՝ նկարիչն ուշագնաց է լինում: Թումանյանն էլ ստիպված է լինում թողնել որբերին և օգնել Սարյանին: Նա փորձում է ուշքի և խելքի բերել Սարյանին: Ուշքի գալուց հետո վատառողջ Սարյանը Թումանյանի հորդորով հեռանում է:

Եթե Սարյանը չդիմացավ ընդամենը մի քանի ժամ, պատկերացրեք, թե ինչ էր կատարվում բանաստեղծի նուրբ ու զգայուն սրտի հետ, որն արդեն օրեր շարունակ այդ տեսարանների վկան ու լուռ կրողն էր: Հենց այդ պատճառով դեռ հիսունը չբոլորած երբեմնի կենսախինդ տղամարդն ընդամենը մի քանի ամսում անճանաչելիորեն ծերացավ:

Բայց չգիտես որտեղից հիվանդ բանաստեղծի վրա հզոր ուժեր էին իջել, և նա չէր ընկճվում: Այդ շրջանն ու Թումանյանի տոկունությունը լավագույնս նկարագրում է Լեոն. 
«Հովհ. Թումանյանը այդ դժոխքի մեջ է, գործում է, բարեբախտաբար չի գժվում»: