Մաստարայի անվան հետ կապված պատմություններից որո՞նք եք լսել․ ահա թե ինչ հետաքրքիր ավանդություններ կան

Մաստարան գյուղ է Արագածոտնի մարզում։ Գյուղը հետաքրքիր ավանդություններ ունի կապված անվան հետ։

Ըստ առաջինի, երբ այստեղով անցնելիս է եղել Սուրբ Հովհաննեսի դիակը, գյուղացիք խնդրել են, որ նրանից մի մաս տրվի իրենց։ Ստանալով այն, նրանք գյուղում եկեղեցի են շինում և մասունքները դնում եկեղեցու հիմքի տակ։ Դրանից հետո անունը կոչում են Մաստարա։

Մեկ այլ ավանդության համաձայն Մաստարան վանքապատկան գյուղ է եղել և պատկանել է Էջմիածնի եկեղեցուն։ Գյուղի եկամտի մի մասը որպես հարկ տարվել է Էջմիածին։ Ամեն տարի, երբ բերքահավաքը ավարտվում էր, և գալիս էր հարկերը տանելու ժամանակը, բերքով ծանրաբեռնված սայլերը դուրս էին գալիս գյուղից և բռնում Էջմիածին տանող ճանապարհը, գյուղացիները, միմյանց ձայնելով, ասում էին.«Մասը տարան, մասը տարան»: Այստեղից էլ առաջանում է Մաստարա անվանումը։

Մաստարայում նաև գտնվում է մի խաչքար, որին անվանում են սիրահարների խաչքար։ Խաչքարը կերտվել է 1210 թվականին։ Երբևէ լսե՞լ եք այս խաչքարի մասին կամ տեսե՞լ եք։