«Նույնիսկ, երբ սպանեցին նրա որդուն ու եղբորը, նա շարունակեց օգնել և անձնուրաց ծառայել իր ժողովրդին». Ամենայն ՀԱՅՈՑ բանաստեղծի դժբախտ կյանքի մասին

Թումանյանի կյանքի, ստեղծագործության, նրա մարդասիրության, իր ազգին նվիրվածության մասին հոդվածներ գրել ենք, սակայն չենք կարող չներկայացնել նրա կյանքից այս պատմությունները, որը, թեև, տխուր և դժբախտ են, սակայն լավագույնս են բնութագրում Թումանյանի տոկուն ոգին, հզոր կամքը, սերը մարդկանց հանդեպ, որն էլ օգնեց, որ Ամենայն Մեծ բանաստեղծը չխելագարվի:

1915 թվականին, երբ Թումանյանը օգնում էր ջարդերից մազապուրծ եղած հայերին, համագյուղացիները սպանել էին նրա եղբորը՝ Ռոստոմին, ում գրպանում գտնում են Թումանյանի նամակը, որում նա զգուշացնում էր եղբորը մոտալուտ վտանգի մասին: Մեկ տարի հետո մահացավ նաև մյուս երիտասարդ՝ երեսունը չբոլորած եղբայրը՝ Արտաշեսը: Երեք տարի հետո՝ 1918 թվականին, մահացավ նաև բանաստեղծի սիրելի տղան՝ Արտիկը՝ բացառիկ շնորհալի մի տղա: Որդու կորուստը հետագայում դառնում է Թումանյանի կյանքի մեծագույն հարվածը:

No photo description available.
Որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց…
Կարճ ժամանակ անց էլ Թումանյանը ստանում է երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

Հ. Չարխչյան

Բայց, մևնույն է, անգամ այդքան կորուստներից հետո նա էլի մինչև կյանքի վերջ շարունակեց զբաղվել ազգային հարցերով: Նա գիտեր, որ հուսահատվելու իրավունք պարզապես չունի: Նա անգամ խեղդեց իր մեջ սեփական վիշտը և շարունակեց անձնուրաց ծառայել իր ժողովրդին…