«Ես հասկանում եմ, թե ինչու են հայերը զգուշությամբ վերաբերվում թուրքերին, չէ՞ որ ցավից բացի ուրիշ ոչինչ չեն տեսել»․ թուրք հրապարակախոսի հուշերը

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում հայկական համայնքներ կան, որտեղ հայերը ապրում են ու գոյատևում։ Բայց ստամբուլցի գրող–հրապարակախոս Զեյնել Աբիդին Քզլյափրակի խոսքերով, թերևս ամենածանրը հայերի վիճակը Թուրքիայում է։

Նա պատմում է, որ ծնվել է Ադիյամանում (քաղաք Թուրքիայիում)։ Այնտեղ շատ հայեր են ապրում։ Գրողի խոսքերով թուրք հասարակության և իշխանության նկատմամբ ունեցած վախի պատճառով նրանք աշխատում են չարտահայտել իրենց կարծիքը։

«Ես հասկանում եմ, թե ինչու են հայերը զգուշությամբ վերաբերվում թուրքերին, չէ՞ որ ցավից բացի հայերն ուրիշ ոչինչ չեն տեսել նրանցից»,- ասում է հենց ինքը՝ գրողը։։

«Մեր տան հարևանությամբ այգի կար, որտեղ ընկույզի մեծ ծառ էր աճում, տեղացիներն ասում էին` «արյունոտ» ընկուզենի։ Փոքր ժամանակ պապիս հարցրի` ինչու է «արյունոտ» կոչվում։ Պապս նայեց ինձ և արցունքոտ աչքերով ասաց` այդպես է կոչվում, որովհետև ծառն ու այն ամենը, ինչ տեսնում ես շուրջդ, հայերինն է եղել։  Տարիներ անց, ես իմացա, որ ոչ միայն ընկույզի ծառն է հայերի արյունով շաղախված, այլև` ամեն ինչ…»։

«Նրանք, ովքեր գիտակցում են հայ ժողովրդի ցավը, ամաչում են։ Նույնիսկ եթե նրանք առնչություն չունեն այդ սարսափելի իրադարձությունների հետ, միևնույն է` իրենց մեղավոր են համարում, քանի որ նրանց հայրերն ու պապերը լռել են այդ մասին, իսկ այսօր իրենք են լռում։ Յուրաքանչյուր թուրք քիչ թե շատ մեղքի իր բաժինն ունի»։