Որոտանի բնակիչների ու օձերի պայքարը․ լսե՞լ եք այս ավանդազրույցը

Մի հին ավանդազրույց կա, որ շատ հնում Որոտանում հայկական գեղեցիկ գյուղ է եղել, որի շրջակա ժայռերում և անտառներում տարբեր տեսակի օձեր են եղել: Մարդիկ ցանկացած ժամանակ սպանել են իրենց հանդիպած օձերին:

Տեսնելով, որ ոչ մի կերպ չեն կարողանում ազատվել մարդկանց բռնությունից, բայց նաև չեն ցանկանում լքել այդ տաք տեղանքը, այդ ամենի մասին գնում և պատմում են թագուհի օձին: Սա թևավոր, մեծ, գեղեցիկ ու գունավոր օձ է լինում։

Թագուհի օձը կանչում է Արաքսի և Կուրի բոլոր օձերին ու հարձակվում են այս ձորի մարդկանց վրա: Մարդիկ ստիպված թողնում են ձորակը և բնակություն հաստատում բարձրադիր վայրերում: Այնքան ժամանակ են օձերն այստեղ տիրապետող լինում, մինչև երկնքից կրակ է թափվում, և նրանց մեծ մասը սատկում են կամ թողնում ու հեռանում են:

Երկար ժամանակ ձորում ո՛չ օձերն էին ապրում, ո՛չ մարդիկ, մինչև որ համատեղ ապրելու հնար են գտնում: Այդ օրվանից Որոտանում օձերն ու մարդիկ ապրում են հաշտ ու խաղաղ և իրար չեն վնասում։