«Մենակ ինքն էր մնացել, մաման ու պապան էլ էին մահացել». 20-ամյա ՀԵՐՈՍ ԱՐՄԵՆԻ հուզիչ պատմությունը

Արմեն Սահակյանը հոկտեմբերի 20-ին վիրավորում է ստացել, որի մասին ընտանիքի անդամներին չի տեղեկացրել: Օրեր անց ԱԹՍ-ն հարվածել է ընկերներին, նրանց օգնության հասնելիս ինքն էլ ծանր վիրավորում է ստանում, տեղափոխվում հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվում։

«Հոկտեմբերի 26-ին՝ գիշերը ժամը 4-ին, ընկերների վրա անօդաչու էին գցել, ոչ մեկը չի գնացել օգնության, մեր խոխան ասել ա՝ պիտի հասնեմ, օգնեմ։ Ընկերներն ասել են՝ Արմենչիկ, միակ տղան ես, մի՛ գնա, մենք վախենում ենք դուրս գանք, ամեն րոպե խփում են, ասել ա՝ չէ, ընկերներս տանջվում են, մեր երեխան հասել ա, վերևից էլի գցել են, մեր խոխի վրա ա ընկել»,- պատմում է մորաքույրն ու հավելում, որ հարվածը եղել է Արմենի գլխին, ոտքին և մեջքին, տեղում չի մահացել, ծանր վիրավորվել է, սակայն վիրավորումը կյանքի հետ անհամատեղելի է եղել: 

«Բերել են Գորիս, մամաս ու ախպերս տեսել են Գորիսում, հետո հետը գնացել են Երևան, երկու ժամ բան ա ապրել, հոկտեմբերի 29-ին մահացել ա»,- հուզմունքով ասում է Արմինե Սահակյանը։

armen sahakyan

Արմենի հայրը մահացել էր տարիներ առաջ, մայրը մահացել էր Արմենի բանակ զորակոչվելուց հետո։ Մորաքույրն ասում է՝ շատ անհանգիստ էին Արմենի համար, որ գար ու առողջ տուն հասներ, սակայն պատերազմը խլեց նաև 20-ամյա տղայի կյանքը։

«Քրոջս ամուսինը, որ մահացավ, քույրս մեր մոտ տեղափոխվեց, մենք ենք պահել, ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ, մանավանդ որ երեխաներիս մոտ ցույց չեմ տալիս, գիշերները չեմ դիմանում։ Մայրս՝ ճնշումը բարձր, վատ, վիրահատված կին ա։ Չի արտահայտվում, զանգում եմ, զգում եմ՝ լացում ա, ասում եմ՝ ինչ ա եղել, ասում ա՝ ոչ մի բան, բայց, դե, զգում եմ՝ վիճակ չկա»։

zinvor

Մորաքույրը պատմում է, որ Արմենը բանակից հաճախ էր ասում, որ գա մոր գերեզմանը սարքի, աշխատի, ընտանիք կազմի, սակայն ոչինչ չհասցրեց։