ՀԵՐՈՍ ՈՐԴՈՒ զոհվելուց հետո ծնողները սփոփվում են նորածին երեխայով. Բաբայանների վիշտն ու ուրախությունը, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոռու մարզի Գուգարք գյուղում ապրող Բաբայանների ընտանիքը մի կողմից չի կարողանում հաշտվել 1 տարի առաջ պատերազմում ծանր վիրավորումից մահացած որդու կորստի հետ, մյուս կողմից փորձում են սփոփանք գտնել և վայելել մի քանի օրական Մերիի մուտքն իրենց ընտանիք:

19-ամյա Գոռ Բաբայանը 44-օրյա պատերազմում ծանր վիրավորվեց թշնամու կողմից արձակած արկից: Մի քանի վիրահատություններից հետո, երբ հերոսը իրեն արդեն բավականին լավ էր զգում, հանկարծամահ եղավ:

Հերոս Գոռ Բաբայանի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Մայրը՝ 40-ամյա Գոհարն ասում է, որ չգիտի, թե ինչպես է իր մեջ ուժ գտել: Չնայած նրան թվում է, թե ամեն օր նորից կորցնում է իր որդուն և ոչ մի վայրկյան չի կարողանում մոռանալ այդ փաստը: Պարզապես նա չի էլ ուզում իր տանջանքն ու վիշտը փաթաթել մյուս երեխաների վրա, բայց առաջվա նման երջանիկ լինել ևս չի կարողանում…