«Երբ նույնիսկ գթության քույրը հրաժարվեց դիպչել կեղտոտ որբին, Թումանյանը նրան իր գիրկն առավ». դրվագ Մեծն Բանաստեղծի կյանքից

20-րդ դարի սկզբի հայկական կոտորածների ժամանակ Թումանյանի հասարակական ողջ գործունեությունն ուղղված էր Հայոց հարցի բարձրացմանը: Դեռ պատերազմից շատ առաջ «Հայոց հարցն ու իր լուծումը» հոդվածում Թումանյանը գրել էր. «Եվ նա՝ Թուրքիան, դիմել է, դիմում է և կդիմի ամենահրեշավոր միջոցների՝ վերջ դնելու էդ ժողովրդին իր հարցի հետ միասին, հայի հայրենիքի ու ազգային իրավունքների խնդիրը ընդմիշտ փակելու համար»:

Ի խորին դժբախտության հայ ժողովրդի՝ այդպես էլ եղավ: Եվ Թումանյանը անմիջապես ստանձնում է գաղթականների և որբերի օթևանի, խնամքի, նրանց սնունդով ապահովելու գործին: Նրա հաստատուն ջանքերի շնորհիվ բացվում է 5 հիվանդանոց` 500 մահճակալով, որբանոց` 3000 երեխայի համար: Թումանյանն այդ փոքրիկ, բախտահալած որբերի պաշտպանն ու գուրգուրացողն է եղել, և նրանց կողմից անվանվել է «մեծ բանաստեղծ հայրիկ»:

Կա մի դրվագ, որը հիանալի ձևով բնորոշում է Թումանյանի անձնազոհությունը: Մի անգամ կառքով գնալիս բանաստեղծը հեռվում ծառերի տակ տեսնում է մի երեխայի: Կառքը կանգնեցնում է և գթության քույրերից մեկին խնդրում է գնալ ու բերել երեխային: Քույրը վերադառնում է և ասում, որ չի կարողանում փոքրիկին դիպչել: Որբն ամբողջովին կեղտոտ էր ու ցեխոտ, ոտքից գլուխ ոջիլներով պատված ու հիվանդ: Թումանյանն իջնում է կառքից, հանում է գրպանից այդ օրերին միշտ իր մոտ պահվող սափրիչը, խուզում երեխային, փաթաթում իր թիկնոցի մեջ և տանում հիվանդանոց: Երեխան փրկվում է:

Թումանյանի մտքում միայն իր ժողովրդին օգնելն էր, եվ նույնիսկ այդ տարիներին, երբ բոլորի շուրթերից անեծք էր հնչում, մռայլություն էր տիրում, Թումանյանը գրեց. «Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով, պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով» («Հայրենիքիս հետ»):

1923 թվականի մարտի 23-ին, նույնիսկ, երբ մահն էր վրա հասել, նա ասել է զավակներին. «Ղոչաղ կացեք…»: Սա եղավ բանաստեղծի արտաբերած վերջին խոսքը…

Թումանյանն ապրեց ոչ այնպես, ինչպես կուզենար, այլ այնպես, ինչպես թելադրում էր իր ժողովրդի ճակատագիրը, անում ամեն ինչ, որ կարող էր՝ առանց իր կարողությունների սահմանն իմանալու…