Այս ՀԱՅ գրողը 1930 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան և գտել իր կորցրած ծնողներին․ գիտե՞ք՝ ում մասին է խոսքը և ինչ ճակատագիր ունեցավ նա
Խոսքը հայ գրականագետ, թատերագետ, գրող, բառարանագիր Գառնիկ Խաչատուրի Ստեփանյանի մասին է՝ ծնված 1909 թվականի փետրվարի 14-ին Թուրքիայում։

1915 թվականին Մեծ եղեռնին տարագրվել է Դեյր-Զոր, հասել Մալաթիա։ Առաջին համաշխարհայինից հետո ընկել է Սեբաստիա, որտեղ ստացել է նախնական կրթությունը։
1923 թվականին հայ որբերի հետ տեղափոխվել է Հունաստան, ապաստան գտել Էդիպսոսի, Խալքիսի և Օրոպոսի որբանոցներում։
1925 թվականին ընկել է Եգիպտոս և հինգ տարի որպես գրաշար աշխատել «Արև» օրաթերթի և «Ոսկետառ»-ի տպարաններում։
1930 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան և գտել իր կորցրած ծնողներին։ Երևանի Պետհրատի առաջին տպարանում շարունակել է իր գրաշարական աշխատանքը։
1938 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է «Սովետական Հայաստան» թերթի, «Սովետական Հայաստան» ամսագրի, ՀԽՍՀ ԳԱ «Տեղեկագրի» խմբագրություններում, գրականության ինստիտուտում, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (1954-1963 թթ.՝ տնօրեն), 1963 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ Գիտական աշխատանքները նվիրված են արևմտահայ գրականության և թատրոնի, հասարակական մտքի զարգացման պատմությանը։
Գրել է 20-ից ավելի մենագրություն՝ Պետրոս Ադամյանի, Արուսյակ Փափազյանի, Մկրտիչ Ջանանի, Արփիար Արփիարյանի, Հակոբ Պարոնյանի, հուշագրություններ՝ Հրաչյա Աճառյանի, Վահրամ Փափազյանի մասին և «Մղձավանջային օրեր» ինքնակենսագրական վեպը (1945)։
Զբաղվել է նաև մանկավարժությամբ։ 1937-1939 թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Երևանի Ալեքսանդր Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում, 1939-1940 թթ. գրաբար է դասավանդել Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Ստեփանյանը թուրքերենից թարգմանել է Հ. Վարդանյանի «Ագապի» վեպը, Հ. Պարոնյանի բազմաթիվ գործեր, հրապարակել Պ. Ադամյանի «Նամակներ»-ը (1959)։
Գառնիկ Ստեփանյանը մահացել է 80 տարեկան հասակում, 1989 թվականի հուլիսի 1-ին։