«Ոչ ոք չի համարձակվել, ինքը իրա կամքով նստել ա մեքենայի ղեկին ու կատարել գաղտնի առաջադրանքը». 19-ամյա ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿԻ քաջությունը սահմաններ չունի

«180 աստիճանով փոխվեց մեր կյանքը, դառնացավ ամեն ինչ, սևավորվեցինք, մինչև հիմա չգիտենք «ուրախություն» բառն ինչ ա»,- հուզմունքով ասում է 27-ամյա Արմինե Ավետիսյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է 19-ամյա եղբորը՝ Գարիկ Ավետիսյանին։

Գարիկը ժամկետային զինծառայող էր, ծառայել է Ստեփանակերտի էլիտար՝ «Հայկազով» զորամասում, պատերազմի օրերին լինելով առաջնագծում՝ ընտանիքի անդամներին մշտապես հանգստացրել է, թե ամեն ինչ կարգին է, ինքը պատերազմին չի մասնակցում։

Վերջին անգամ Գարիկն ընտանիքի անդամների հետ կապ է հաստատել հոկտեմբերի 12-ին, որից հետո այլևս անհասանելի է եղել։

«Ամսի 14-ին գնացել են Մատաղիսի դիտակետ՝ գաղտնի առաջադրանք կատարելու, մեքենան ինքն ա վարել։ Հասել են, սպասել ա, որ վերջացնեն, հակառակորդը կրակ ա բացել, չեն կարողացել դուրս գան, ԱԹՍ-ն ա հարվածել։ Հողի շատ խոր շերտի տակ են մնացել, երկու օր էդ դիտակետ ոչ ոք չի կարողացել մոտենալ, քանի որ էդ հատվածում կրակահերթերը չեն դադարել»,- պատմում է քույրը եղբոր զինակից ընկերների հայտնած տեղեկությունը։

Արմինեն ասում է՝ սկզբում ասել են, որ եղբայրը վիրավոր է, և իրենք սկսել են փնտրել հիվանդանոցներում։ Հոկտեմբերի 21-ին տեղեկացել են, որ զոհվել է, և մարմինը Գորիսում է։

Գարիկը ցանկանում էր խոհարար դառնալ, քույրն ասում է՝ եղբայրը շատ համեղ էր պատրաստում և մինչև բանակ գնալը խոհարարություն էր սովորել։ Գարիկը կենսուրախ էր ու կատակասեր, որտեղ ինքն էր, այնտեղ ուրախությունն անպակաս էր՝ նկարագրում է քույրը։ Արմինեն ասում է՝ ականջներում անընդհատ եղբոր ծիծաղն է: 

Արմինեն ասում է՝ ապրում են եղբոր կատակները հիշելով, ամեն օր նրա հետ զրուցելով և նրա ներկայությունը զգալով։

«Ինքն անընդհատ մեր առօրյայում ա, ասում ենք՝ հիշո՞ւմ եք՝ ինքը սենց էր անում, էսպես էր սիրում։ Մենք միշտ իր ներկայությունը զգում ենք, ինքը միշտ մեր կողքին ա, մեր հոգում։ Իր հետ խոսելիս երբեմն մեղադրում եմ՝ ասում եմ՝ ինչի՞ գնացիր, որովհետև հարցրել էին՝ ով կարող է մեքենան վարել, ինքն ասել էր՝ ես։ Ում մեքենան որ եղել ա, ասել ա՝ չեմ կարա, անընդհատ կրակում են, դժվար ճանապարհ ա, բայց ինքը խիզախորեն գնացել ա»,- արցունքների միջից նշում է քույրը։

Գարիկ Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։