«Կանաչ շոր տվեց, հագա, թեքվեցի հայելու առաջ, շորը դարձավ սև ու շատ վախենալու». ՀԵՐՈՍ Գառնիկի կինը պատմում է պատերազմից առաջ տեսած երազի մասին

Գառնիկ Լեռնիկի Մալխասյանը ծնվել է 1991 թվականի հուլիսի 31-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում, զինվորականի ընտանիքում: Գառնիկը Արցախյան գոյամարտի լեգենդար հերոս, տանկային վաշտի հրամանատար Լեռնիկ Մալխասյանի ավագ որդին էր։ Ծառայում էր խաղաղապահ զորքերում: Արդեն վաղուց էր, ինչ ռազմական գործի մեջ էր որպես կամավոր, շատ զգույշ էր, սահմանից զանգեր չէր կատարում:

Հարազատների խոսքերով շատ նվիրված էր բոլորին, միշտ պատրաստ բոլորին օգնել։ Ուսանողներին ասել էր՝ հավաքվեք, ամեն առավոտ ձեզ Երևան կտանեմ։ Ինչքան տեղավորվեք՝ կտանեմ, փող մի տվեք , երեխեք, ես ձեզ դասի կտանեմ։

Գառնիկը զոհվել է սեպտեմբերի 30-ին Քարվաճառի պաշտպանության ժամանակ: Հայրը՝ Լեռնիկը, նույնպես դիրքերում է եղել այդ ժամանակ, նա է որդուն դիրքերից իջեցրել։

Գառնիկի զոհվելուց 5 ամիս անց՝ փետրվարի 18-ին, ծնվեց նրա երկրորդ որդին՝ Լեռնիկը: Կինը՝ Ելենան, պատմում է, որ ամուսինը շատ էր ուրախացել, որ տղա են ունենալու․ «Մեր նպատակները հիմնականում կապված են եղել մեր ավագ որդու՝ Արամի  և դեռ չծնված Լեռնիկի հետ։ Հիմա մենակով պետք է երկուսիս նպատակներն իրագործեմ»,-ասում է 25-ամյա Ելենան։

Նրա խոսքով՝ ամուսինը շատ էր սիրում հայրենիքը, զինվորական կյանքն, ու հետաքրքիր էր, որ վերջին օրերին պատերազմի վերաբերյալ ֆիլմեր էր նայում։ Ելենան ասում է, որ պատերազմից առաջ մի երազ է տեսել, որին ուշադրություն չի դարձրել, չի պատկերացրել, թե ինչ կարող է դա նշանակել․

«Մի օր տեսա, որ խանութ էինք գնացել, ինձ կանաչ շոր տվեց, ասաց փորձի։ Շատ սիրուն շոր էր, հագա, թեքվեցի հայելու առաջ, շորը դարձավ սև ու շատ վախենալու։ Դուրս եկա որ իրան ասեի, ինքն արդեն խանութում չէր, ման եկա՝ չգտա»։

Վերջին անգամ նրանք խոսել են սեպտեմբերի 29-ին ժամը 14։41-ին։ Հաջորդ օրն էլ Գառնիկը զոհվել է։

Գառնիկ Մալխասյանը արժանացել է Մարտական ծառայության Մեդալի:

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին...       
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք...