«Բուժումներից 2 ամիս անց Գոռս հանկարծամահ եղավ». ի՞նչ տեղի ունեցավ ՀԵՐՈՍ ԳՈՌԻ հետ, որ նա այլևս չդիմացավ

Գոռ Բաբայանը ծնվել է 2001 թվականի հունվարի 18-ին: 2018 թվականի ամռանը զորակոչվել է բանակ: Գոռը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմին՝ լինելով կռվի ամենաթեժ վայրերից մեկում՝ Մարտունի 2-ում:

Գոռը հրետանավոր էր: Պատերազմի առաջին իսկ օրվանից կրտսեր սերժանտը կարողացել է ճիշտ և գրագետ ղեկավարել իրեն վստահված հրանոթի անձնակազմը և կատարել դիպուկ հարվածներ, որով հակառակորդին հասցրել է բազմաթիվ ռազմական տեխնիկայի և սպառազինության կորուստներ:

Հերոս Գոռը վիրավորվել է հոկտեմբերի 22-ին, ստացել է ծանր բեկորային կոտրվածք: Սկզբում նրան տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ բարեհաջող վիրահատել են, այնուհետև տեղափոխել են Երևան:

Երևանում ևս մի քանի անգամ վիրահատել են Գոռին, անգամ արտերկրից բժիշկներ են եկել: Հերոսին պատրաստվում էին տեղափոխել Ամերիկա, որտեղ բարդ վիրահատություն պիտի տաներ: Այդ ժամանակ նա իրեն բավականին լավ էր զգում, անգամ այդ վիճակում ոչ մեկին նեղություն չէր տալիս ու ավելորդ չէր անհանգստացնում:

Բժիշկներն ասում էին, որ Գոռի մեկ ոտքը այլևս խնդիր չունի, իսկ մյուսը վիրահատությունից հետո կարող էր լրիվ ապաքինվել: Ընտանիքին թվում էր, որ արդեն դժվարությունն անցել է և իրենց որդու կյանքին այլևս վտանգ չի սպառնում, սակայն բոլորի համար անսպասելի՝ բուժումներից 2 ամիս անց Գոռը հանկարծամահ է լինում: Բժիշկների եզրակացությամբ՝ անոթներում առաջացած թրոմբն է եղել մահվան պատճառը:

Փառք ու պատիվ, մեր ՀԵՐՈՍԻՆ, ով մինչև վերջ պայքարեց թե՛ հայրենիքի, թե իր կյանքի համար: