Բոլորիս հայտնի «Ոսկեգույն» հերոսը, ով մշակել էր շրջափակումից դուրս գալու ծրագիրը և հաջողել. կարդացե՛ք ՀԵՐՈՍ Հայկի պատմությունը

Հայկ Հարությունի Սահակյանը (Ռիժիկ) ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին Երևանում։ Փոքր հասակից հետաքրքրված է եղել երաժշտությամբ։ 2007-2014 թվականներին հաճախել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի բաժինը, իսկ 2015-2018 թվականներին սովորել է նույն դպրոցի կոնտրաբասի բաժնում և նվագել օրկեստրում։

2018 թվականին Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելուց հետո մտափոխվել է և տեղափոխվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Հայոց բանակ է զորակոչվել 2019 թվականի հունվարի 31-ին, ծառայել է Հադրութի զորամասում։

Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է թեժ մարտերին, մշակել շրջափակումից դուրս գալու ծրագիրը և հաջողել։ Ընկերների հետ 8 ժամ անընդմեջ քայլելով՝ զինակիցներին սնունդ է հասցրել։ Կրակի գոտուց դուրս է բերել զոհված ընկերներին։

Բոլորի կողմից սիրված «Ոսկեգույն» հերոսը զոհվել է հոկտեմբերի 1-ին Հադրութում։ Ընկերոջ՝ Մխիթարի հետ հերոսաբար փրկել Է զինակցի՝ Ալբերտի կյանքը։

Հայկի ընկերոջ խոսքով՝ Ռիժիկն ամեն ինչում առաջինն էր. «Անգամ լուրն իմանալուց հետո մենք մեր մեջ ասեցինք՝ էս անգամ էլ մեզնից առաջ ընկավ»։ Հիշում է, որ բանակ գնալուց առաջ, երբ արդեն տեղավորվել են ավտոբուսում, ասել է. «Ես ձեր պահապան հրեշտակն եմ»․ ընկերները երբեք դա չեն մոռանա։ Ընկերն ասում է, որ եթե հերոսը 10 կյանք ունենար՝ 10-ն էլ այդ պահին նույն ձևով կապրեր։

Հայկի վերադարձին մնացել էր 4 ամիս…

Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Հետմահու արժանացել է Արիության մեդալի։

Փառք ու Պատիվ Մեր Հերոսներին…
Հավերժ Շնորհակալ և Պարտական ենք…