Հնարավո՞ր է, որ այս ժայռը դարերի ընթացքում կուտակած լինի մի ամբողջ ժողովրդի ունեցվածք․ լսե՞լ եք Պղնձի ժայռի մասին

Վերիշեն գյուղը գտնվում է Սյունիքի մարզում և նախկինում նաև կոչվել է Հին Գորիս։ Վերիշեն գյուղի արևելյան լանջին է յենց գտնվում Պղնձի ժայռը։ Այն յուրահատուկ է նրանով, որ ունի տարբերվող գույն․ այն պղնձագույն է։ Շատ լեգենդներ ու պատմություններ կան այն մասին, թե ինչու է ժայռը այդ գույնը ստացել։

Ըստ մի պատմության՝ ժայռը իր գույնը ստացել է իր ներսում կուտակված ոսկյա, արծաթյա, բրոնզյա և պղնձյա զարդերից ու թանկարժեք իրերից: Ասում են, թե հնում, երբ թշնամին հարձակվել է, մարդիկ հավաքվել են Պղնձի ժայռի շուրջ, մեծ հոր փորել ու իրենց ունեցած թանկարժեք իրերը պահել այդ հորում: Դարերի ընթացքում այդ թանկարժեք մետաղներից ժայռը գույնը փոխել է ու կոչվել՝ Պղնձի ժայռ:

Մեկ այլ պատմություն էլ կա, ըստ որի տեղացիները Պղնձի ժայռի տակ փորված հորից բացի մի թունել էլ են փորել: Ամեն անգամ, երբ թշնամին հարձակվել է, մարդիկ այդ թունելն են մտել ու դուրս եկել Ծտի բներ կոչվող թաղամասից, պատսպարվել Ծակերի ձորի լեռան մեջ փորված անձավներում: Այդ թունելն ունեցել է երկու ճանապարհ: Հետագայում այդ թունելը փակվել է, և ոչ ոք չի հիշել դրա մասին:

Իսկ մյուս պատմության համաձայն՝ Պղնձի ժայռը եղել է բերդ, որը անմատչելի է եղել ու հենց այդ պատճառով էլ անվանել են պղնձի՝ ամրության համար: