«Քաղաքապետարանի դռանը մի քանի քայլ էր մնացել, բերանքսիվայր ընկա, պրոթեզս էլ ոտքիցս թռավ». ՀՈՒԶԻՉ դրվագ ՀԵՐՈՍ ՍԱՐԳԻՍԻ կյանքից

Սարգիս Ստեփանյանը ծնվել է 1983 թվականին: Նա հայկական բանակի լավագույն հատուկջոկատայիններից է։

2014 թվականին ականի պայթյունի պատճառով հետախույզը զրկվեց երկու ոտքից և աջ թևից։ Բայց դա նրան չկանգնեցրեց, նա որոշեց ոտքի կանգնել ու մարզվել։

Այժմ Սարգիս Ստեփանյանը աշխարհի ու Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն է։ Նա նաև հաշմանդամություն ունեցողների համար հիմնել է մարզասրահ, վերականգնողական կենտրոն և իր համախոհների հետ պատրաստում է հաշմանդամային սպորտի ապագա չեմպիոնների։

Հերոս Սարգիս Ստեփանյանը և Դավիթ Դավթյանը միասին հրատարակել են «Բազկամարդը» գիրքը, որը պատմում է Սարգիսի ապրումների, դժվար պահերի, հիասթափությունների ու այդ ամենը հաղթահարելու մասին: Մերօրյա հերոսը կիսվում է իր փորձով և հոգեբանական խորհուրդներ տալիս այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով թևաթափ են եղել:


Ահա գրքից մի փոքրիկ հատված.

«Հորս հետ քաղաքապետարան էի գնում։ Դռանը մի քանի քայլ էր մնացել, բերանքսիվայր ընկա։ Շատ ծանր դրվագ էր։ Շենքի կողքին աստիճաններ կան, ոտքս եզրաքարին խփեցի։ Պրոթեզս այն ժամանակ դեռ ուսումնական էր, ոտքիցս թռավ, մյուս ոտքս էլ հակառակ պտտվեց։

Անցնող մեքենաներից, երթուղայիններից բոլորը զարմացած նայում էին, թե ինչ կատարվեց, մարդն իր համար քայլում էր ու հանկարծ մասերի բաժանվեց։ Հայրս ծանր տարավ, շատ մռայլվեց, հուզվեց։ Երևի այն մտքից, որ կողքիս էր, բայց չկարողացավ պահել ինձ։ Շատ վատ զգացի, երբ հորս աչքերը լցվեցին։

«Կտորներս» հավաքեցինք, ձգեցինք ու երկու րոպե նստեցինք նստարանին։ Ես իրեն հույս տվեցի, ինքը՝ ինձ։ Աննկարագրելի ցավ էր երկուսիս համար։ Այդուհանդերձ արգելել եմ ինձ խղճալ, չեմ ներում, չեմ ընդունում»։