Արտասահմանցի հավերի արկածները ՍՅՈՒՆԻՔՈՒՄ. ինչո՞վ է զբաղվում ՀԱՅ երիտասարդը այստեղ

27-ամյա կապանցի Ալեն Հակոբյանը արդեն 7 տարի է՝ զբաղվում է թռչնարտադրությամբ։ Տարածաշրջանին ոչ բնորոշ հավի տեսակներ է բազմացնում՝ հունգարական «Տետրա» և կոլումբիական «Բռամա»։ Տպավորիչ ու հայաստանցիներիս համար արտասովոր արտաքինով հավերը Կապանի բնությանը հարմարվել, տնավորվել են, հասցրել մեծ հետաքրքրություն առաջացնել ֆերմերի շրջապատում։ Պահանջարկն էլ գնալով մեծանում էր, սակայն վրա հասած պատերազմը այստեղ էլ է իր դերը խաղացել։

Ալենը տարբերակում է, թե ինչու են թռչնաբուծության առումով ձեռնտու «Բռաման» և «Տետրան»։ Նա նշում է, որ «Բռաման» առանձնանում է բարձր մսատվությամբ, «Տետրան»՝ շատ ձվատվությամբ։ Ասում է, որ այս տարիների ընթացքում հանգամանորեն ուսումնասիրել է փետրավորներին։ 

hav

Մասնագիտացված գրականություն է կարդացել, համացանցից ինֆորմացվել։ Ասում է՝ «Բռաման» կարող է կշռել մինչև 7-8 կգ (աքլորներ), իսկ հավերի քաշը հասնում է 4-5 կգ-ի։ 

hav

Ինչպես ցանկացած արտադրություն, թռչնաբուծությունն էլ ունի իր նրբությունները։ Շահավետության հետ մեկտեղ աշխատատարությունն է մեծ։ Ալենի խոսքով՝ ամեն մանրուք պետք է հաշվի առնես՝ ճիշտ օգտագործել ձուն, ճիշտ ձու դնել ինկուբացիա, ճուտը դուրս գալուց պիտի ճիշտ խնամել: Խնամք՝ սկսած ջրից մինչև կեր և պահպանման պայմաններ։ Ալենն ասում է, որ ամբողջը մենակ է անում։ 

alen

«Սրանով եմ խորացել, այլ տեղ չեմ աշխատում, օրը 24 ժամ է, բայց ես 26 ժամ եմ աշխատում, թե կերակրել, թե խնամք»,- կես կատակ, կես լուրջ ասում է սկսնակ ձեռներեցը։ 

Ալենը պատմում է, որ «մանկուց սիրել է թռչուններ, հատկապես հավեր»։ Պատմում է, որ բանակում ծառայելուց հետո առավել խորացված է սկսել հետաքրքրվել հոբբին բիզնես դարձելու շուրջ։ 3 տարի աշխատելուց ու գումար տնտեսելուց հետո գնել է առաջին ինկուբատորն ու սկսել ձվից ճուտ արտադրել։ Ոգևորությամբ նշում է, որ առաջին իսկ փորձը հաջողությամբ է պսակվել։ 

chutik

«Ամենակարևորը՝ սիրում եմ իմ գործը։ Հաջողության երաշխիքը սիրել, նվիրվել և չարչարվելն է»,- ասում է երիտասարդ ձեռներեցը։